ՕԵԿ-ն առաջարկում է կանաչ ճարտարապետության սկզբունքը ներդնել Երևանի կառուցապատման հիմքում
««Օրինաց երկիր» կուսակցության ավագանիի ցուցակում 90 տոկոսից ավելին երիտասարդ ու միջին տարիքի մարդիկ են, որոնք ունեն նորարարական գաղափարներ, էներգիա, ավյուն, ցանկություն՝ Երևանի համար աշխատելու, սրա հետ միասին բոլորն էլ ունեն աշխատանքային փորձ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց ՕԵԿ-ից Երևանի քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը։
Նրա խոսքով՝ իրենց ներկայացուցիչները տարբեր ոլորտներից են՝ կրթություն, տնտեսություն, իրավագիտություն, քաղաքաշինություն։
«Մեր նպատակն է՝ կոլեկտիվ մոտեցում ցուցաբերել Երևանի խնդիրների լուծմանը։ Մենք առաջարկում ենք ավագանու իրավասությունների ընդլայնում, աշխատանք հասարակական այն կազմակերպությունների հետ, որոնք տարիներ շարունակ զբաղվել են Երևանի խնդիրներով և ունեն կուտակած փորձ։ Մենք առաջարկել ենք նաև ֆինանսական հրապարակայնության նոր մոդելներ, մասնավորապես՝ բյուջետային համակարգերի պլանավորման և ծրագրման նոր համակարգի ներմուծում»,- ասաց Շահգելդյանը։
Լուծում պահանջող առաջնային խնդիրներից թեկնածուն առանձնացրեց աղբահանության, տրանսպորտի, քաղաքաշինության ու բնակարանաշինոթյան հարցերը. «Պարտադիր ենք համարում սոցիալական բնակարանաշինությունը։ Երևանում ամբողջությամբ էլիտար բնակարաններ են, իսկ սոցիալապես ոչ ապահով խավերը ուղղակի զրկված են այս հնարավորությունից, իսկ սոցիալական բնակարանաշինության միջոցով հնարավոր է Հայաստանի տարբեր մարզերում սիմվոլիկ վարձավճարով տալ դրա կարիքն ունեցող մարդկանց»։
ՕԵԿ-ը նաև առաջարկում է կանաչ ճարտարապետության սկզբունքը ներդնել Երևանի կառուցապատման հիմքում։
Ինչ վերաբերում է երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին Մալաթիա Սեբաստիայում և մոտ ապագայում «Քաղաքացիական պայմանագրի» և ՕԵԿ-ի համագործակցությանը՝ ՕԵԿ ցուցակի երկրորդ համար Հովհաննես Հովհաննիսյանն ասաց. «ՕԵԿ-ը հեղափոխության առաջին իսկ օրվանից սատարել է, մասնակցել է, իր աջակցությունն է հայտնել։ Մենք մշտապես հայտարարել ենք, որ մեր ծրագրերի հետ համատեղելի քաղաքական ուժերի հետ կոլիցիա կազմելը առաջնահերթություններից մեկն է»։
Հարակից հրապարակումներ`
- ՕԵԿ քաղխորհուրդ. Անվերապահ աջակցությունն ենք հայտնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը
- ՕԵԿ-ը ներկայացրել է նախընտրական ծրագրի հիմնադրույթները
- ՕԵԿ-ը նախընտրական ծրագիրը մշակել է ՀԿ-ների, անկախ փորձագետների հետ համագործակցությամբ