Եթե երևանցին կողմնորոշվի խղճի մտոք, ոմանց համար անակնկալ արդյունքներ կունենանք. Րաֆֆի Հովհաննիսյան
«Մենք գոհ ենք, որ մեզ առիթ է ընծայվել շփելու մեր համաքաղաքացիների հետ, հույս ունենք, որ երեք օր անց երևանցին իր գիտակից որոշմամբ հանրային ծառայության կբերի իր ցանկացած թիմին»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ողջունում եմ մեր բոլոր մրցակիցներին, յուրաքանչյուրն ունի իր ձեռագիրը, մենք էլ կենտրոնացել ենք մեր քայլերի վրա՝ ներկայացնելու մեր տեսլականը: Սա ընտրություն չէ գործող վարչապետի և նախկին նախագահի միջև, սա Երևանի ավագանու համար ընտրապայքար է: Մենք շատ լավատես ենք և մեր համաքաղաքացիներին կոչ ենք անում գիտակցաբար մոտենալ քվեատուփին և խղճի մտոք ընտրություն կատարել: Ոչ ոք թող կիրակի օրը տանը չնստի: Եթե երևանցին գնա և կողմնորոշվի խղճի մտոք, ոմանց համար անակնկալ արդյունքներ կունենանք»,- ասաց բանախոսը:
Կուսակցության առաջնորդը նաև նշեց, որ այս ընթացքում բանավիճելու առիթներ չի ունեցել, քաղաքապետի որոշ թեկնածուներ հրաժարվել են իրենց հետ հանդիպելուց:
Րաֆֆի Հովհաննիսյանը շեշտեց՝ իրենք դեմ են միլիարդների մրցավազքով ժողովրդին գայթակղելուց, ինչպես ընտրություններին ընդառաջ անում են որոշ քաղաքական ուժեր: «Երևանի բյուջեն լումա առ լումա պետք է թափանցիկ ծախսվի, եկամուտները պետք է ընդլայնվեն: Ինչ վերաբերում է ընտրակաշառքներին, հույս ունենք, որ պատկան մարմիններն իրենց աշխատանքը կկատարեն՝ ապահովելու ազատ և մաքուր ընտրություններ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Արմեն Մարտիրոսյանն իր հերթին նկատեց, որ առաջին անգամ քարոզարշավն ընթանում է ոչ թե ընդդեմ մեկ թիրախի, այլ յուրաքանչյուրը փորձեց առաջ տանել իր քարոզարշավը:
«Կարծում եմ՝ ժամանակը քարոզարշավի համար շատ քիչ էր, երկրորդ, շարունակում եմ համոզված մնալ, որ Երևանի ավագանու ընտրակարգը սխալ է ընտրված. Երևանի քաղաքապետը պետք է ընտրվի ուղիղ քաղաքացիների կողմից: Շատ բարձր եմ գնահատում քարոզարշավի այն հատվածը, որ քաղաքացիներն անմիջականորեն շփվում են քաղաքապետի թեկնածուների հետ: Հույս ունեմ, որ մեր քաղաքացիները գիտակցված ընտրություն կանեն և մենք կունենանք առնվազն չորս-հինգ ուժերից կազմված ավագանի»,- ասաց նա:
Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությանը՝ Արմեն Մարտիրոսյանը համոզմունք հայտնեց՝ եթե ԱԺ ընտրություններ տեղի չունենան, երկրում օրենսդրական ճգնաժամը շարունակվելու է: «Օր առաջ Հայաստանում պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն»,- ասաց նա:
Հարցին՝ Հայաստանում միակուսակցական համակարգի միտումներ տեսնո՞ւմ է, Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ անուններ տալ չի ցանկանում, սակայն որոշ մտահոգություն ունի: «Բայց կարծում եմ՝ այս տարիների ընթացքում այնքան փորձ ունենք, որ կարող ենք այդ խութը շրջանցել»,- շեշտեց քաղաքական գործիչը:
Ամփոփելով՝ Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց՝ իրենց նախընտրական ծրագիրը միակն է, որուն ներառված է Երևանի անվտանգության հարցը՝ հաշվի առնելով, որ մայրաքաղաքը Նախիջևանի ուղիղ նշանառությունից ընդամենը 56 կմ հեռավորության վրա է:
Հարակից հրապարակումներ`
- Մեր ծրագիրը վերջնական ճշմարտություն չէ. Րաֆֆի Հովհաննիսյան
- Մեզ պետք չեն սև ու սպիտակ, կանաչ կամ երկնագույն, մեզ պետք է գույների ամբողջական տարապատկերը. Րաֆֆի Հովհաննիսյան
- Բոլորը հարգելի մրցակիցներ են. Րաֆֆի Հովհաննիսյան
- Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարության վերաբերյալ հրապարակումները դատախազությունն ուղարկել է ոստիկանություն
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան