Սփյուռքահայերը նշում են, որ հեղափոխությունը լիարժեք կլինի ԱԺ ընտրություններից հետո. նախարար
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը տեղեկություններ չունի, թե հեղափոխությունից հետո քանի ամերիկահայ է տունը վաճառել և վերադարձել հայրենիք՝ վերջնականապես հաստատվելու այստեղ: Այս մասին նախարարն ասաց ԱԺ-ում լրագրողների հետ այսօրվա ճեպազրույցում։
«Նման տվյալներ չունենք, տեղեկատվություն չկա, բայց, անշուշտ կան նման մարդիկ: Հիմնականում մարդիկ ցանկանում են գալ Հայաստան, բայց չեն կարողանում կողմնորոշվել վերջնականապես, որովհետև դեռևս ունեն լուրջ մտահոգություններ Հայաստանում տիրող ոչ այնքան կայուն քաղաքական և տնտեսական իրավիճակի վերաբերյալ, որը բացառապես կապված է արտահերթ ընտրությունների իրենց պահանջով»,- նշեց նախարարը։
Ճշտող հարցին՝ սփյուռքում և՞ս արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջ կա, Մխիթար Հայրապետյանը նշեց՝ սփյուռքահայերը նշում են, թե հեղափոխությունը որոշակիորեն կիսատ է և լիարժեք կլինի միմիայն խորհրդարանական ընտրություններից հետո:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ սփյուռքում արդյոք կա՞ն անձինք, ովքեր ցանկանում են Հայաստանում ներդրումներ կատարել, նախարարն ասաց. «ԱՄՆ-ից, Եգիպտոսից և Ֆրանսիայից միլիոնավոր դոլարների ներդրումների պատրաստ ներդրողներն ասում են՝ ընտրություններից հետո կխոսենք»: