Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ, օրակարգը Հայաստանինն է. Ջորջ Քենթ
«ԱՄՆ-ն աջակցում է ժողովրդավար, բարեկեցիկ, ապահով և անվտանգ Հայաստանին»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթը։
«Մենք գիտենք, որ ձեր երկրում ժողովրդավար կերպով տեղի են ունեցել փոփոխություններ, առաջիկայում սպասվում են ընտրություններ, և մենք ակնկալում ենք, որ այդ ընտրությունները կլինեն ազատ, արդար և բոլորի մասնակցությամբ», - նշեց Ջորջ Քենթը։
ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալն ասաց, որ սա իր երկրորդ այցն է Հայաստան, առաջին անգամ հինգ տարի առաջ է եղել։ Այս այցի ընթացքում հանդիպել է ՀՀ վարչապետի, պետական պաշտոնյաների, քաղհասարակության և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։
Պատասխանելով հարցին, թե ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից, արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստան-ԱՄՆ ինչպիսի հարաբերություններ են սպասվում, Ջորջ Քենթը նշեց, որ հայ-ամերիկյան միջկառավարական խմբի հանդիպումը կկայանա Հայաստանում կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, հավանաբար՝ փետրվարին, որի ընթացքում նորովի կդիտարկեն երկկողմ հարաբերությունների հետագա ընթացքը:
«Ինչպես դեսպան Միլսն է նշել՝ Միացյալ նահանգների կողմից Հայաստանին ուղղվող արտաքին աջակցությունը ավելացել է, և մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ: Օրակարգը Հայաստանինն է , և մենք պատրաստ ենք մեր ներդրումը, մեր մասնակցությունն ունենալ և աջակցել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին է օրինակ՝ կոռուպցիայի դեմ պայքարը: Մենք ունենք այս ոլորտում մեծ փորձառություն, աշխատել ենք Վրաստանի, Ուկրաինայի հետ, հարկ եղած դեպքում կարող ենք մեր փորձառությունն այս հարցի շուրջ փոխանցել Հայաստանին՝ ՝ հայաստանյան լուծումների հստակեցման համար»,- ընդգծեց ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը:
Ջորջ Քենթի խոսքով՝ Հայ-ամերիկյան առևտրի պալատի ներկայացուցիչների հետ խոսել են տնտեսության մարտահրավերների և այն հնարավորությունների մասին, որ Հայաստանում լինեն պատշաճ աշխատատեղեր. «Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման, նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ ևս: Օրինակ, Հայաստանում Ամերիկյան համալսարանը կարող է պատրաստել հաջորդ սերնդի մասնագետներ»:
ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը կարևորեց նաև Հայաստանում Միացյալ Նահանգների կողմից արված ներդրումները հիդրոէներգետիկայի, և հատկապես՝ հանքարդյունաբերության ոլորտում: «Խոշոր ներդրում կա, որը ներկայումս վերանայվում է։ Մենք անչափ կարևորում ենք, որ պայմանագրերի նկատմամբ հարգանքը ապահովվի: Դա խթան կլինի ներդրողների համար այստեղ ներդրումներ իրականացնելու, աշխատատեղեր ստեղծելու համար, որ մարդիկ կարողանան այստեղ արժանապատվորեն աշխատել և իրենց ապագան կերտեն», - նշեց Ջորջ Քենթը։
Հարակից հրապարակումներ`
- Մեր դերակատարումն այն է՝ աջակցել կողմերի միջև շփումներին, որպեսզի կարողանան գտնել հակամարտության լուծումը. Ջորջ Քենթ
- Դոնալդ Թրամփ-Նիկոլ Փաշինյան հանդիպում կլինի. Ջորջ Քենթ
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը