Ես շատ տղամարդկանցից ավելի տղամարդ եմ եղել այս քարոզարշավի ժամանակ. Դիանա Գասպարյան
«Համեմատաբար լավ են ընթանում ընտրությունները: Ունենք բավականին բարձր հաճախելիություն։ Իմ կանխատեսումներից բարձր է, որի համար ուրախ եմ»,- քվեարկությունը կատարելուց հետո լրագրողներին ասաց Էջմիածնի քաղաքապետի թեկնածու, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը։
Նա նշեց, որ օրվա ընթացքում մի քանի տեսակի ահազանգեր են ստացել, քվեաթերթիկների նկարահանման դեպքեր են եղել. «Եթե չեմ սխալվում, երկու անձ բերման են ենթարկվել»։
Դ. Գասպարյանն ասաց, որ վստահված անձանց կողմից քաղաքացիների ուղղորդման, ընտրատարածք բերելու հետ կապված տեղեկություններ են ստանում։
«Չեմ կարող ասել, որ համատարած է։ Ոստիկանության հետ ակտիվ աշխատում ենք, ոստիկանությունը հավաստիացնում է, որ հսկողության տակ է իրավիճակը»,- ասաց քաղաքապետի թեկնածուն։
Խոսելով քարոզարշավի մասին, Դ. Գասպարյանը նշեց. «Ես շատ տղամարդկանցից ավելի տղամարդ եմ եղել այս քարոզարշավի ժամանակ, երբեք չեմ իջել բամբասանքների մակարդակի, որևէ մեկին անձնական վիրավորանք չեմ հասցրել։ Իմ դեմ է հակաքարոզչություն իրականացվել»։
Նա իր ընտրվելու շանսերը բարձր է գնահատում։
Հարակից հրապարակումներ`
- Էջմիածնում արձանագրվել է քվեաթերթիկը նկարելու դեպք
- ԿԸՀ. Ժամը 11-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 9.3 տոկոս
- Էջմիածնի քաղաքապետի թեկնածուի հայրը քաղաքացուն «ոչխար» է անվանում, սպառնում կոտրել ոտքերը