Մանե Թանդիլյանը մտադիր է անձամբ հանդիպել նորածին երեխաներին լքած մոր հետ
Այսօր Գյումրու «Երեխաների տուն» է այցելել աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը։ Այցի նպատակն էր անձամբ տեսնել լքված երկվորյակներին, տեղում իրավիճակին ծանոթանալու ու քաղաքապետարանում մասնակցելու հոգաբարձուների խորհրդի նիստին, որտեղ որոշվելու էր երեխաների ճակատագիրը։
Panorama.am-ի հետ զրույցում նախարարի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Մանե Մադոյանը հայտնեց, որ Թանդիլյանը մտադիր է անձամբ հանդիպել երիտասարդ մորը, առաջարկել պետության օգնությունը, որպեսզի երեխաներին վերադարձնեն ընտանիք։
Հիշեցնենք, որ ըստ տեղեկությունների, երեխաների մայրն ապրում է Արարատի մարզի Մասիս քաղաքում, աչքի առաջ ունենալով իր միայնակ մոր օրինակն ու դժվարությունները, ծննդաբերել է ուրիշ քաղաքում, ապա 5 օրական երեխաներին պոլիէթիլենային տոպրակի մեջ դրած թողել գիշերօթիկ հաստատության մոտ։
«Մենք հնարավորություն ենք տալու երեխայի լավագույն շահը և իրավունքներն իրացնելու, այն է՝ երեխան պետք է մեծանա ընտանիքում՝ ծնողների հսկողության ներքո»,-ասել է նախարարը։
Մանե Թանդիլյանն ընդգծեց, որ պետությունն ու հասարակությունը պետք է կարողանան ճիշտ դիրքավորվել, հասկանալ, որ մեր երկրում ծնվել են երկու առողջ, հրաշալի տղաներ, և պետք է օգնել, որ նրանք մեծանան իրենց ընտանիքում։ Նախարարն ասաց, որ խնդրին առնչված բոլոր հաստատությունները, ոստիկանությունը, պետական կառույցները սրտացավ վերաբերմունք են ցուցաբերել։
«Միայն այն, որ այս երեխաները լույս աշխարհ են եկել, խոսում է այն մասին, որ գործ ունենք մայրական զգացմունքներով ընտանիքի ծնողի հետ, հետևաբար շատ զգուշորեն պետք է վերաբերվել և այնպիսի հնարավորություններ ստեղծել, որ երեխան մեծանա ընտանիքում՝ իր ծնողի հետ։ Այս պահին մայրը հրաժարվել է երեխաներից, բայց մենք գտնում ենք, որ կա քննարկման հնարավորություն»,-ասաց նախարարը՝ ավելացնելով, որ չպետք է լինի իրավիճակ, որ սոցիալական պայմաններից ելնելով՝ քաղաքացիները, ծնողները նման որոշումներ ընդունեն։
«Մեղավորությունն այստեղ կիսում ենք բոլորս՝ թե հասարակությունը, թե պետությունը, թե առանձին հանգամանքները»,-նկատեց նա։
Panorama.am-ի հետ զրույցում Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների բաժնի պետ Լիլիթ Գրիգորյանը հայտնեց, այս պահին երեխաներին որդեգրելու ցանկություն հայտնած ու դիմում ներկայացրած բավականին մեծ թվով քաղաքացիներ կան։
«Դիմումներ շատ կան, որդեգրում ցանկացողներն այս պահին էլ հաշվառվում են, նրանք պետք է մեծ փաստաթղթային փաթեթ ներկայացնեն, նրանց տներ այցեր կազմակերպվեն, ինչպես օրենքն է սահմանում։ Սակայն բոլոր աշխատանքները տարվելու են այն ուղղությամբ, որ երեխաները մեծանան իրենց կենսաբանական ընտանիքում։ Եթե այդ ուղղությամբ աշխատանքները սպառվեն ու մենք հաջողություն չունենանք, նոր կմտածենք որդեգրման մասին»,-ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով, մոր հետ տարվելիք աշխատանքները լինելու են բազմաբովանդակ՝ մասնագիտական, ֆինանսական ու այլ աջակցություն, յուրաքանչյուր լուծում կգա համապատասխան քննարկումից ու հանդիպումից հետո։
Հարակից հրապարակումներ`
- Գիշերօթիկ հաստատության բակում գտնված երեխաների մայրը հայտնաբերվել է
- Գիշերօթիկի մոտ գտած նորածին երեխաների վրա բռնության հետքեր չեն եղել