Նախընտրական ցուցակ կազմելու առումով ՔՊ-ն ընդհանրապես խնդիր չի ունենա. Լենա նազարյան
«Նախընտրական ցուցակ կազմելու առումով «Քաղաքացիական պայմանագիրը» ընդհանրապես խնդիր չի ունենա, խնդիրներ ունենալու են այն կուսակցությունները, որոնք հանրային աջակցություն չունեն, հենց ՀՀԿ-ն»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։
«Հանրապետական կուսակցությունը բոյկոտում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը և չի հասկանում, որ նոր փոփոխություններով իր համար էլ են պայմանները բարելավվելու», - նշեց նա։
Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքի քննարկումների շուրջ եղած դժգոհություններին՝ պատգամավորը նշեց, որ դրանք սկսվել են դեռ ամառվանից, և ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներ ներկա են եղել այդ քննարկումներին, սակայն առաջարկներ քննարկնան ժամանակ չեն արել։
«Այս ելույթների ժանանակ ևս ընդամենը բողոքում են, որ իրենց ժամանակ չի տրվում քննարկումների մասնակցելու և առաջարկներ անելու։ Բայց ժամանակը վատնում են բողոքելու, որ ընթացակարգերն արագ են և ժողովրդավարական չեն», - նշեց Լենա Նազարյանը։
«Ելք» խմբակցության ղեկավարը շեշտեց, որ ՀՀԿ պատգամավորներն իրենց հայտարարություններով նպատակ ունեն ցույց տալ, որ իշխանությունը ժողովրդավար չէ, հապճեպ որոշումներ է կայացնում ու հնարավորություն չի տալիս փոքրամասնությանն իր կարծիքն արտահայտել, առաջարկներ ներկայացնել։
Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններում Կապանում ՔՊ թեկնածուի պարտության թեմային՝ Լենա Նազարյանը նախ չհամաձայնեց, որ մասնակցության ցածր մակարդակ է գրանցվել։
«Իսկ թե ինչու մեր թեկնածուն պարտվեց, որովհետև կապանցիների կողմից ավելի շատ աջակցություն ստացավ մյուս թեկնածուն։ Անպայման չէր, որ ՔՊ թեկնածուն հաղթեր, դա չի նշանակում, որ մենք մեր գործունեությունը Կապանում դադարեցնում ենք։ Կլինեն ուրիշ ընտրություններ, մենք նորից կմասնակցենք։ Ամենակարևորն այն է, որ մարդիկ գնացել են, իրենց կամքով ընտրություն են կատարել։
Մեզ համար դա ամենակարևորն է, առավել կարևոր, քան մեր թեկնածուի ընտրությունը»,- ասաց պատգամավորը՝ չհամաձայնելով այն տեսակետի հետ, որ Կապանում իրենց պարտությունը կարող է պայմանավորված լինել Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու հանգամանքով։
Հարակից հրապարակումներ`
- Կապանում անկուսակցական թեկնածուն հաղթել է ՔՊ-ականին
- Կապանում այս պահի դրությամբ որևէ ակնհայտ բողոք չենք ստացել. Հանձնաժողովի քարտուղար
- Փաշինյան. Կապանում լինելու է բաց, անմնացորդ և մանրամասն խոսակցություն