Վիրաբ Շաբոյանի բազմազավակ ընտանիքին անհատույց օգտագործման իրավունքով բնակարան տրվեց
Երևանի ավագանու այսօրվա նիստում հավանության արժանացավ Երևանի Մոլդովական փողոցի 29/4 շենքի 18՝ 34,6 քմ մակերեսով բնակարանի նկատմամբ 10 տարի ժամկետով 14 երեխա ունեցող Վիրաբ Շաբոյանի բազմազավակ ընտանիքին անհատույց օգտագործման իրավունքով տալու որոշման նախագիծը։
Նախագիծը ներկայացնող Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանն ասաց, որ 14 երեխաներից 11-ն անչափահաս են։ Նախկինում բնակվել են վարձով, սակայն վարձը վճարելու հետ կապված խնդիրներ են ունեցել, այժմ բնակվում են Մոլդովական 29/4 հասցեում գտնվող շենքի բնակության համար չնախատեսված, պետական սեփականություն հանդիսացող կիսանկուղային տարածքում։ Վիրավ Շաբյանը արցախյան պատերազմի մասնակից է։
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներից մեկն ասաց, որ այս հարցը տարեկան ծրագրով չպետք է կարգավորվի, ընթացակարգ մշակելու խնդիր կա, որտեղ պետք է մատնանշվի այս ուղղությամբ տարվող համապատասխան քաղաքականությունը։
«Ինչպե՞ս ենք պատասխանելու մի շարք այլ ընտանքիների, որոնք նմանատիպ դիմումներով գան ու ասեն, որ ևս ուզում են իրենց հարցերը լուծել»,- նշեց ավագանու անդամը։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ խնդիրներն, իսկապես, շատ-շատ են, բնակարանների պահանջարկը շատ մեծ է այս առումով։
«Այն բնակարանային ֆոնդը, որ ունի Երևանը, մոտիկ էլ չէ այդ խնդրի լուծմանը, բայց ստացել ենք ժառանգություն այն, ինչ ունենաք։ Պետք է սկսենք աշխատանք այդ ուղղությամբ, որպեսզի բնակարանային ֆոնդն աճեցնենք այնքան, որ կարողանանք բավարարել բոլորին։ Ընթացքում պետք է ինչ-որ մեխանիզմ մշակել՝ հերթագրումն ինչպես պետք է լինի, ով պետք է ավելի շուտ ստանա։ Փուլ առ փուլ մարդկանց պետք է տեղափոխենք ու բնակարաններով ապահովենք»,- ասաց քաղաքապետը։
Նա դիմեց ավագանու անդամներին՝ ներկայացնելու առաջարկությունները, մշակեն մեխանիզմ, որը լինի արդար, թափանցիկ, ընկալելի ու ընդունելի լինի հանրության համար։
Հ. Մարությանի խոսքով, թե համայնքի ուժերով, թե մասնավորի հետ համագործակցելով՝ այս հարցը պետք է սկսեն լուծել։
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ասաց. «Կան այժմեական խնդիրներ, որոնք պետք է լուծել այսօր։ Բայց միայն մտածել այսօրվա պրոբլեմների մասին, վտանգավոր է։ Շինարարական տեխնոլոգիան, որով կառուցվում են բնակելի շենքերը, 50-60-ականներ թվականների տեխնոլոգիա է։ Այդ տեխնոլոգիան, որով արվում է, թանկ է, երկարատև։ Դրա ժամանակը վաղուց սկսել է անցնել»։ Նա նշեց, որ Երևանում մեծածավալ շինարարական բնակելի շինարարություն պետք է սկսել միայն մեկ տարբերակում, եթե վերականգնվի տնաշինական կոմբինատներ, արտադրվեն բնակելի կառույցների մոդուլներ, դրանցով արագ, մոտավորապես 1 տարում կարելի է ահագին մեծ թաղամաս կառուցել։ Ա. Մեսչյանի խոսքով, դրա արժեքն էլ բավականին պակաս է համեմատած մոնոլիտ շինարարության հետ, որ կատարվում է Երևանում։
«Իսկ որտեղի՞ց գումարներ, որ արտադրվեն մոդուլները ու սկսվեն շինարարությունը։
Այստեղ ամենամեծ խորամանակությունը նրա մեջ է, որ բիզնեսի շահերը պետք է կապել այս ծրագրի հետ միասին»,- ասաց Երևանի գլխավոր ճարտարապետը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ որ քանդվել է, հնարավոր չէ վերականգնել. Ճարտարապետ
- Երևանում առաջին հերթին պետք է լուծել ոչ թե աղբահանության, այլ բնակֆոնդի խնդիրը. Վահագն Խաչատրյան
- ՀՀ բնակֆոնդը սեյսմիկ վտանգի պահանջներին համապատասխանեցնելու համար կպանաջվի 32-35 մլրդ դոլար
- Երևան քաղաքի բնակֆոնդի սեյսմիկ կայունությունը` վտանգված. Մկրտիչ Մինասյան
- Կարևոր է սոցիալական բնակֆոնդի ձևավորումը. Նախարար
- Ա.Ասատրյան. Աստիճանաբար բնակֆոնդը համալրվում է նոր բնակարաններով
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ