Այդ մոգական 8 թիվը
2018 թվականի մայիսից դեկտեմբեր ձգված 8 ամիսները Հայաստանի Հանրապետության պատմության մեջ կմնան որպես պերմանենտ ընտրությունների տարի: Հաշվե՞նք.
* Ս. Սագսյանը խորհրդարանում վարչապետ ընտրվեց.
* Ն.Փաշինյանը խորհրդարանում վարչապետ չընտրվեց.
* Ն.Փաշինյանը խորհրդարանում վարչապետ ընտրվեց.
* Երևան քաղաքի ավագանու ընտրություններ անցկացվեցին.
* ՏԻՄ արտահերթ ու հերթական ընտրություններ անցկացվեցին.
* Ն.Փաշինյանը խորհրդարանում վարչապետ չընտրվեց.
* Ն.Փաշինյանը խորհրդարանում վարչապետ չընտրվեց.
* ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացվեցին.
Այո՛.... Դարձյա՛լ 8 թիվը:
Բայց սա դեռ ամենը չէ: Նոյեմբերին Ղազախստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ վարչապետի ժպ Փաշինյանը մեր 800 000 հայրենակիցներին անվանեց աշխատանքից խուսափող անբան նպաստառուներ: Ոչ ոք այդպես էլ չհասկացավ, թե դա ի՞նչ թիվ էր, վիճակագրական ի՞նչ ցուցանիշ էր: Ընդհուպ տեսակետ հայտվեց, որ ըստ ֆրեյդյան հոգեվերլուծական մեխանիզմների՝ դա նախորդ տարվա ԱԺ ընտրություններում Հանրապետականի հավաքած մոտ 800 000 ձայների քանակը հաղթահարելու մտասևեռումն էր: Բայց քանի որ այս ամիսներին իրադարձություններն իրար հերթագայում էին կատաղի արագությամբ, այդ հարցն էլ կորավ-գնաց անպատասխան հարցերի հորձանուտում:
Դրանով իհարկե չի ավարտվում 8-ի հաղթարշավը ՀՀ-ում: Դեկտեմբերյան արտահերթ ընտրություններին մասնակցող 11 կուսակցություններից և դաշինքներից 8-ը չհաղթահարելով անցողիկ շեմերը՝ զրկվեցին խորհրդարանում ժողովրդին ծառայելու դժվարին առաքելությունից... իրականում այնքան դժվարին, որ երբեմն տարակուսում ես նրանց գործադրած ջանքերի և մսխած գումարների համար: Անշուշտ, կա ավելի պարզ ու ճշգրիտ տարբերակ՝ մանդատը որպես ծառայություն և առաքելություն չի ընկալվում, հետևաբար բնավ էլ դժվար չէ պատգամավորի գործը: Բայց քանի որ սա այլ խոսակցության նյութ է, վերադառնանք մեր 8-երին:
8 ամիս շարունակ (այս դեպքում 8,5) հանրահավաքներում, քարոզարշավներում, սոցցանցերում, տարատեսակ ու հնարավոր բոլոր ամբիոններից ժողովրդին ասվում էր՝ «Դո՛ւ ես երկրի տերը: Դո՛ւ ես որոշողը: Դո՛ւ ես նշանակողն ու ազատողը: Դո՛ւ ես... Դո՛ւ ես... Դո՛ւ ես ...» և այսպես անվերջ:
Ոգևորված ժողովուրդը հուզվեց երանելի խոսքերից, բայց ընթացքում հասկացավ, որ դրանով իր պատասխանատվությունն են ավելացնում՝ դիմացը ոչինչ չտալով: Բայց չէ՞ որ ինքը հարկեր է մուծում հենց այն բանի համար, որ յուրաքանչյուր ոլորտի մասնագետներն իրենք որոշումներ կայացնեն, աշխատանքներ իրականցնեն և պատասխան տան դրանց հետևանքների համար: Դեկտեմբերի 9-ը դարձավ այն օրը, երբ ժողովուրդը փոխանցեց պատասխանատվության 100 տոկոսն իր ընտրած ուժին, ավելի ճիշտ անձին. «երը մե՛նք ենք, բայց պատասխանատուն դո՛ւք եք: երադարձնում ենք ձեզ ձեր գործր՝ ծառայե՛ք մեզ, օրենքներ գրե՛ք մեզ համար, ապահովե՛ք մեր ու մեր երկրի անվտանգությունը»։
Ավարտվեց խոստումների փուլը, գնդակն արդեն իր տեղը հաստատած իշխանավորների կիսադաշտում է: Հասել է իրական աշխատանքների և իրական պատասխանատվության ժամանակը: Դրան են սպասում ՔՊ-ին վստահության քվե տված 884 հազար 849 հոգի:
Իսկ 1 329 112 քաղաքացի (բնակչության 51, 33 տոկոսը)՝ չգնալով ընտրության ցույց տվեցին, որ նոր իշխանությունների հետ հույսեր չեն կապում: Ժամանակը ցույց կտա, թե ով ճիշտ: Շուտով գարուն կգա և կծլարձակեն այս 8 ամիսներին ցանած սերմերը... (իսկ սերմերը, խոսքը մեր մեջ, անորակ էին):
Լիա Իվանյան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին