Ես ինձ պատրաստ եմ զգում. Լիլիթ Մակունց
Լրագրողներն այսօր խորհրդարանում Լիլիթ Մակունցից հետաքրքրվեցին՝ արդյոք պատրաստ է «Իմ քայլը» դաշինքի 88 հոգանոց խմբակցությունը ղեկավարել։
«Ես ինձ պատրաստ եմ զգում՝ իհարկե գիտակցելով բոլոր այն դժվարությունները, որոնք հնարավոր է՝ ճանապարհին լինեն։ Բայց բոլոր բարդությունները հաղթահարելի են, եթե կա պատասխանատվության զգացում և կամք»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ Արամի 23 հասցեի պատի փլուզումից հետո իր հասցեին բազմաթիվ մեղադրանքներ են հնչում՝ Լիլիթ Մակունցը նկատեց, որ մեղադրանքներ հնչեցնողները հավանաբար, տեղյակ չեն, որ փլուզման օրը եղել է դեպքի վայրում, փորձել հասկանալ տեղի ունեցածը և իր հետագա անելիքները՝ արդեն որպես ԱԺ պատգամավոր։
«Մոտավորապես 6 ամիս թափանցիկ, հրապարակային կերպով ներկայացվել է, բոլոր այն գործողությունները, որոնք եղել են Մշակույթի նախարարության տիրույթում։ Արել ենք հնարավոր ամենը՝ մի բան էլ գերազանցելով մեր գործառություները։ Պատասխանատուն բոլորս ենք, յուրաքանչյուրը։ Հրատապ անհրաժեշտություն կա վերականգնել պատը, որպեսզի չվտանգվի ամբողջ կառույցը»,- ասաց ԱԺ պատգանավորը։
Հարցին՝ վստա՞հ է, որ իր ղեկավարած խմբակցության բոլոր պատգամավորները տիրապետում են ՀՀ օրենսդրությանը՝ լիարժեք կազմակերպելու օրենսդիրի աշխատանքը՝ Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ չի կարծում՝ որևէ պատգամավոր անգիր գիտի ամբողջ օրենսդրությունը։ Նրա խոսքով, ավելի կարևոր է, որ բոլոր պատգամավորները հետևեն օրենքի տառին և ոգուն։
Նա նաև նշեց, որ իրենց խմբակցությունում սահմանված կարգով կգործի նաև քաղաքացիների ընդունելության կարգ, այդ մասին հանրությունը հրապարակային կերպով կտեղեկացվի։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց