Օրենսդրական ի՞նչ նախաձեռնություններ են պետք, որպեսզի «բեյբի բում» սկսվի
«Տևական ժամանակ տեղական և միջազգային կառույցները տխուր վիճակագրություն են ներկայացնում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների մասին»,- խորհրդարանում մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։
Նա հարց ուղղեց Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նարեկ Զեյնալյանին. «Ինչպե՞ս կարելի է կարգավորել այս հարցը, ի՞նչ մեխանիզմներ եք տեսնում գոնե տոկոսային առումով այս խնդիրը նվազեցնելու համար»։
«Օրենսդրորեն արգելված է և բժշկի համար քրեորեն հետապնդելի 12 շաբաթական հղիությունից հետո իրականացվող արհեստական վիժումը։ Եվ սեռը միայն կարելի է հայտնաբերել այդ ժամկետից հետո, և այստեղ օրենքն ամբողջությամբ կարգավորում է, այլ խնդիր է, որ դա արվում է ինչ-ինչ պայմաններում, աչքից հեռու, սա այլ խնդիր է, բայց օրենքն այստեղ հստակ կարգավորում է այս ոլորտը։
Հարց տվող պատգամավորն արձագանքեց. «Գիտեմ, որ հարցը օրենքով կարգավորվում է, բայց հարցս հենց դրա համար ուղղեցի, թե ինչ մեխանիզմներ կարելի է ներդնել, որպեսզի նվազեցնենք տոկոսը։ Ցանկալի է, որպեսզի պետությունն իր ներդրումն ունենա այս հարցում, քանի որ այդ բացը հրաշալի լրացնում են հասարակական կազմակերպությունները և բարեգործները։ Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ Ձեր հանձնաժողովի կողմից օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը խիստ կարևոր է»։
Նարեկ Զեյնալյանը պատասխանեց, որ անպայման ոլորտը կուսումնասիրեն և օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգան. «Միջոցները ձեռնարկելը, որպեսզի հղիության վաղաժամ ընդհատում տեղի չունենա, այստեղ, կարծում եմ, վերահսկողության հարց է ավելի շատ, կարծում եմ՝ սա տեսչական մարմնի գործառույթների մեջ է մտնում»։
Նույն խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատրյանն էլ հարցրեց, թե օրենսդրական ի՞նչ նախաձեռնություններ են պետք, որպեսզի «բեյբի բում» սկսվի։
«Կարելի է որոշակի հարկային արտոնություններ սահմանել մայրերի համար, որը նույնպես խթանման միջոց կարող է լինել։ Այն փոքր գումարները, որոնք տրվում են մայրերին, բավականաչափ քիչ են, ինչը խրախուսական միջոց չի հանդիսանա, որ ընտանիքը շահագրգռված լինի ավելացնել երեխաների քանակը»,- պատասխանեց թեկնածուն։
Հարակից հրապարակումներ`
- Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները նվազել են. ԱՆ
- Ո՛չ սեռով պայմանավորված հղիության ընդհատումներին. քարոզում է նախարարը
- ՀՀ-ում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները դարձել են լուրջ ժողովրդագրական սպառնալիք. Սեմինար-քննարկում
- Նախատեսվում են օրենսդրական որոշակի փոփոխություններ, որոնք միտված են նվազեցնելու սեռով պայմանավորված ընդհատումները. Սերգեյ Խաչատրյան
- Հայաստանը հղիության սեռով պայմանավորված ընդհատումների պատճառով տարեկան 2000 մայր է կորցնում
Լրահոս
Տեսանյութեր
Վարդան Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ Սրբազանն է