Ժողովրդավարությունը արտաքին քաղաքական հարթակում պետք է դառնա մեր կռվանը. Կոնջորյան
«Արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է, և Հայաստանում տեղի ունեցած վճռական փոփոխությունները պիտի արտացոլվեն նաև արտաքին քաղաքականության մեջ»,- այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը՝ կարևորելով աշխարհում Հայաստանի նկատմամբ իմիջի և դիրքավորման կառուցումը` հիմնավոր ժողովրդավարության վրա:
Անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր հարցերից մեկին՝ արցախյան հակամարտությանը, նշեց. «Կա ցավալի փաստ, որ մի շարք միջազգային կառույցներ, մասնավորապես, Արևմուտքում ՀՀ-ն և Ադրբեջանը դիտարկել են նույն հարթության մեջ և տարբեր ինտեգրացիոն պրոցեսների ժամանակ դիտարկել են միասին, մեկին չնեղացնելու համար ներգրավել մյուսին և համեմատություններ են կատարվել։ Այժմ Հայաստանում փոփոխություն է կատարվել, և պետք է ժողովրդավարությունը դառնա նաև արտաքին քաղաքական, դիվանագիտության հարթակում կարևոր հաղթաթուղթը, կռվանը»։
Կոնջորյանի կարծիքով՝ այստեղ շատ լավ կարող է աշխատել նաև Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքավորումը. «Մենք շրջապատված ենք ավտորիտար Թուրքիայով, ավտորիտար բնույթի Իրանով, ավտորիտար Ադրբեջանով, միայն մեր անմիջական հարևաններից Վրաստանն է, որ ժողովրդավարական ճանապարհով է գնում, և այդ շուրջ 160-170-միլիոնանոց երկրներով շրջապատված Հայաստանը կարող է իր առաջանցիկ զարգացումը դարձնել ժողովրդավարությունը, կարող է նաև միջազգային հանրության կողմից ընկալվել որպես տարածաշրջանի առաջատար ժողովրդավար երկիր, որն անպայման ունենալու է նաև իր դրսևորումները դիվանագիտության մեջ»։
Պատգամավորը ներկայացրեց Իսրայելի օրինակը, ոչը, նրա խոսքով, միայն տեխնոլոգիական առաջանցիկ պետություն է ընկալվում, այլև իբրև տարածաշրջանի առաջանցիկ, ժողովրդավարական պետություն:
«Արևմուտքի հետ պետք է խոսել Արևմուտքի լեզվով, որը ժողովրդավարությունն է և կանխատեսելի գործընկեր ունենալը: Տարբեր ժամանակներում ՀՀ-ն փորձել է կիրառել այդ տարբերակը և հիմա ևս դրա կիրառման լավագույն ժամանակն է: Այս պահին մենք գտնվում ենք լավ ստարտային պայմաններում»,- եզրափակեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Վիեննայի ու Պետերբուրգի պայմանավորվածությունները շարունակում են մնալ օրակարգում. Ռուբինյան
- ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները հիմնականում եղել են իմիտացիոն. Իգիթյան