ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները հիմնականում եղել են իմիտացիոն. Իգիթյան
«Հայաստանը ֆորմալ շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ, բայց ոչ ֆորմալ՝ բովանդակային ձևով եղել է կտրուկ փոփոխություն։ Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա այդ կառույցի հետ մեր հարաբերությունները հիմնականում եղել են իմիտացիոն»,- այսօր՝ ԱԺ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։
Նրա խոսքով, Հայաստանը շատ ավելի առաջ է գնացել, քան Եվրամիությունը պատկերացնում է, քանի որ այսօր մեր ժողովուրդը պահանջատեր է։
«Ինձ թվում է՝ ԵՄ-ի հետ խնդիրներ չենք ունենա։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ անդամությանը, ապա Հայաստանն առաջին անգամ փորձեց բարձրացնել իր շահը, ինչը անսովոր է այնտեղ նստած մարդկանց համար։ Եթե մենք ԵԱՏՄ անդամ ենք, ապա մենք ուզում ենք ազատ շարժ տեսնել։ Դա որոշ երկրների դուր չի գալիս»,- ասաց պատգամավորը։
Հովհաննես Իգիթյանը միաժամանակ համոզմունք հայտնեց, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պետք է կոլեկտիվ ձևով աշխատի, դրա համար, ըստ նրա, դոկտրին է անհրաժեշտ։
Պատգամավորը կարևորեց խորհրդարանական բարեկամական խմբերի ձևավորումը՝ մանավանդ հաշվի առնելով Հայաստանի միջազգային բարձր վարկը։ Իգիթյանը, սակայն շեշտեց, որ բարեկամական խմբերը ինքնանպատակ չպետք է լինեն, դրանք պետք է ծառայեն հայկական շահի առաջմղմանը։ Ըստ նրա՝ ակտիվ աշխատանքներ պետք է տարվեն նաև Արցախի Հանարապետության խորհրդարանի հետ։