ԱԱԾ-ն «հագցնում է» պատգամավորներին
Վերջերս ակտիվ ու սրամտորեն քննարկվում էր կանաչավուն, միանման, անվանական բաճկոնակները, որոնք կրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը և «Իմ քայլը» խմբակցության նորընտիր պատգամավորներից Հայկ Սարգսյանը։ Անվանական բաճկոնի աջ մասում գրված է պաշտոնը, իսկ ձախում՝ անուն-ազգանունը։
Քաղաքացիների մի մասը վրդովվել էր՝ դրանք նմանեցնելով զինվորական հագուստի, գտել, որ չի կարելի կենցաղում կրել բանակային հագուստ կամ դրան այդքան նմանը։
Panorama.am-ը գրավոր հարցումով ՀՀ կառավարության և Ազգային ժողովի աշխատակազմից փորձեց ճշտել, թե ակնհայտորեն միանման բաճկոնակները հատուկ պատվե՞ր են, թե՞ ճաշակի զուգադիպություն։ Եվ ըստ օրենքի՝ ի՞նչ միջոցներով են ձեռք բերվել բաճկոնները՝ անձնական, պետական, թե կուսակցական։
Առաջին պատասխանը ստացանք կառավարությունից, որտեղ ասված էր հետևյալը. «Ձեր կողմից նշված հագուստն Ազգային անվտանության ծառայության նոր համազգեստի փորձնական տարբերակներից մեկն է, և հետաքրքրող մյուս հարցերի պատասխանները կարող եք ստանալ ԱԱԾ-ից»։
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից էլ պատասխանեցին. «Ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Ձեր հարցերի առնչությամբ հայտնում ենք, որ ԱԺ-ն չի տիրապետում նման տեղեկատվության»։
Նույն հարցումով դիմեցինք նաև ԱԱԾ-ին՝ ակնկալելով հարցի լիարժեք պատասխան։
«Ձեր կողմից նշված բաճկոնը Ազգային անվտանգության ծառայության նոր համազգեստի փորձնական տարբերակներից է, ձեռք է բերվել անձնական միջոցներով և արժե 18.000 դրամ»,- ասված էր ԱԱԾ պատասխանում։
Ստացված պատասխաններից կարելի է ենթադրել, որ ուժային կառույցների ղեկավարների հանդերձանքի սիրահար ցանկացած ոք կարող է ձեռք բերել նման բաճկոն, քանի դեռ որևէ վերահսկողություն չկա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին