Տուժած գյուղացին հույսը կտրել է, որ գողացած անասուններին ոստիկանները կգտնեն
Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ Հայկազ Սարգսյանի կովերը երկու շաբաթ առաջ գողացել էին։
Այսօր Panorama.am-ի հետ զրույցում գյուղացին ասաց՝ ոստիկանները ոչ գտել են, ոչ էլ իրենք հույս ունեն, որ գողերը կբացահայտվեն։
«Ոչ մի բան ոստիկանները չեն ասում, ասում են՝ ման ենք գալիս, միջոցառումներ ենք իրականացնում»,-ասաց գյուղացին՝ միաժամանակ կասկած հայտնելով, որ իրենց գլխի տակ փափուկ բարձ են դնում։
Նրա խոսքով, անցած տարիներին գյուղում անասուն գողանալու բազմաթիվ դեպքեր են եղել, իրենց հարևանի կովերն են տարել, ընկերոջ՝ մոզին, Պռոշյանում էլ անասուն էին գողացել, բայց ոչ գողերին են գտել, ոչ էլ գողոնն է վերադարձվել։
Գյուղացու ընտանիքի անդամներն էլ սեփական քննությունն սկսել, երկու անգամ գնացել են Արմավիրում գտնվող անասնաշուկա։
«Անասունի շուկա Արարատում էլ կա, Մարտունիում էլ, Ապարանում էլ։ Չեմ կարող ես ամեն օր գնամ, ստուգեմ։ Ոստիկաններն ինձ ասում են, դու էլ գնա, մտի գոմերը, նայի։ Բայց ես ո՞նց մտնեմ, ուրիշի գոմերը նայեմ, ինձ չե՞ն ասի, դու ո՞վ ես։ Բա որ մի հատ էլ պատիվ պահանջեն, որ կասկածում եմ չիմացող մարդուն։ Ինձ ասում են՝ գնա կողքի գյուղերի անասնաբույժների հետ խոսա։ Բա լավ, որ ես գնամ խոսեմ անասնաբույժերի, գյուղապետերի հետ, էլ ձեզ ինչի՞ եմ ասում, էդքան բանը որ կարողանայի անել, էլ ինչի՞ էի ոստիկանություն դիմում»,-նշեց Սասունիկի տուժած բնակիչը։
Նա կասկածում է, որ ոստիկանները տեղյակ են, թե ովքեր կարող են լինել չարագործները, նրան գիտեն, թե համաներումից հետո՝ որ հոդվածով ազատազրկվածներն են ազատվել։
Անասուններից, օրվա ապրուստից զրկված ընտանիքի մայրն օգնություն ստանալու ակնկալիքով դիմել է վարչապետին։ Նամակը հասցեագրվել է մազպետարան։ Ըստ Հայկազի, մարզպետարանից էլ զանգել են իրենց, առաջարկել 20-30 հազար դրամի օգնություն տրամադրեն։
«Մենք հո ողորմություն չե՞նք խնդրում։ Բանկից վարկեր ենք վերցրել, ներդրում արել, անասուն առել ու պահել, ավելի քան 5 մլն դրամի վնաս են հասցրել, 20 հազար դրամ վերցնեմ՝ ի՞նչ անեմ»,-դժգոհում է Հայկազ Սարգսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան