Շատ ողբալի վիճակ է մարզային հեռուստաընկերություններում. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ երեք խնդրի, որոնք, նրա խոսքով ծառացած են ոչ միայն հեռուստաընկերությունների, այլև ողջ հասարակության առջև։
«Առաջին խնդիրը հայրենական լեզվով՝ հայրենական արտադրանքն է, երկրորդը՝ հանրօգուտ կոնտենտը, որը շատ ժամանակ մենք եթերում չենք տեսնում, որն ամենամեծ դժգոհությունն է առաջացնում հանրության մոտ, և երրորդը՝ մարզային հեռուստաընկերությունների խնդիրը»,- թվարկեց Հակոբյանը։
Նա նշեց, որ ըստ հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի, եթերում պետք է պահպանվի հայրենական արտադրանքի 55 տոկոսը. «Հայրենական արտադրանքի մեջ է մտնում ցանկացած հաղորդում կինո, ցանկացած ֆորմատ, որը կամ այստեղ է արտադրվել կամ թարգմանվել է, այսինքն ցանկացած ամերիկյան ֆիլմ, որը թարգմանված է՝ հայրենական արտադրանք է։ Մեզ մոտ այդ քանակը պետք է լիի 55 տոկոսից ոչ ցածր, իսկ այս տոկոսը շատ ցածր է»։
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի խոսքով՝ մեզ մոտ անգամ այդ 55 տոկոսը չի պահպանվում։
«Եթե խոշոր հեռուստաընկերությունները պահում են այս թիվը, ապա շատ ողբալի վիճակ է մարզային հեռուստաընկերություններում։ Հեռուստաընկերություններ կան, որոնք ընդամենը 15-16 տոկոս արտադրանք են տալիս հայերենով։ Սա թվային տիրույթում, իսկ անալոգային տիրույթում գործող հեռուստաընկերություններում, որտեղ գործում է դեռ 12 հեռուստաընկերություն, այնտեղ վիճակը շատ ավելի ողբալի է։ Հեռուստաընկերություն կար, որ այնտեղ հայերեն լեզվով կոնտենտը կազմել է ընդամենը 1,1 տոկոս, դա էլ միայն գովազդն է եղել»,- ասաց Տիգրան Հակոբյանը։
Նրա կարծիքով՝ Հայաստանում խախտված է լեզվի անվտանգությունը և շտկելու համար պետք է քայլեր ձեռնարկվեն։
«Անկեղծ, կարծում եմ, որ ավելի լավ է մարզային հեռուստաընկերությունը չգործի, քան առավոտից իրիկուն ռուսական կոնտենտ տա, որը բացարձակ մեզ համար պետք չէ։ Եթե մենք սկսենք խստորեն հետևել օրենքին, մարզային հեռուստաընկերությունների մի մասը կփակվի։ Մենք երկու լուծում ենք ուզում առաջարկել կառավարությանը, առաջինը՝ պետք է փորձենք հավաքել և ստեղծել հայերեն լեզվով հաղորդումների շտեմարան, խնդրել բոլոր հեռուստաընկերություններին, այդ թվում Հանրային, հատկացնել հայերեն լեզվով կոնտենը, և հատկապես մարզային հեռուստաընկերություններին, ինչ-ինչ պայմանագրի շնորհիվ կարողանան այդ շտեմարանից օգտվել։ Մյուս գաղափարն էլ ինչ-որ բազայի վրա կրկնօրինակման ստուդիա ստեղծելն է բոլորի համար, որպեսզի գնված ֆիլմերը, մուլտֆիլմերը թարգմանվեն և նոր սկսեն վաճառվել հեռուստաընկերություններին»,- մանրամասնեց Հակոբյանը։
Ինչ վերաբերում է հանրօգուտ հաղորդումներին՝ նա ասաց, որ կոմերցիոն նպատակների հետ համատեղելու համար պետք է ստեղծել իշխանությունների օգնությամբ մի ֆոնդ և բոլոր հեռուստաընկերությունների համար իջեցնել հանրօգուտ պետպատվեր։
Հարակից հրապարակումներ`
- ՀՌՀ. Անհրաժեշտ են «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում արմատական փոփոխություններ
- «Շիրակ» հեռուստաընկերության ակտիվները շուտով կօտարվի ներդրողին
- Տիգրան Հակոբյանն ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
- Նոր օրինագծի ընդունման դեպքում մարզային հեռուստաընկերությունները փակվելու են. «Ժամանակ»
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները