Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նոր նախագահի անունը պարզ կլինի ապրիլի սկզբին. Հակոբյան
«Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի ընտրության մրցույթը կհայտարարվի մարտի սկզբներին, իսկ նախագահին ընտրելու է մրցութային հանձնաժողովը»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։
Նա հիշեցրեց, որ նախկինում ՀՀ նախագահն էր նշանակում խորհրդի անդամներին, իսկ այժմ օրենսդրական փոփոխությամբ կազմավորվում է մրցութային հանձնաժողով, հայտարարում է մրցույթ և ընտրվում են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներն ու նախագահը:
«Գործող նախագահի՝ Ռուբեն Ջաղինյանի, լիազորություններն ավարտվում են մարտի 3-ին, դրանից երեք օր հետո պետք է հայտարարվի մրցույթը, այսինքն՝ մարտի 6-ին, և արդեն մրցութային հանձնաժողովը կսկսի ընդունել հայտերը։ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նոր նախագահի անունը պարզ կլինի ապրիլի սկզբին: Մի բան ուզում եմ հավաստիացնել, որ կառավարությունը, իշխանությունը մեր գործերին չեն խառնվում: Ես նույնիսկ լավ իմաստով ինձ անտեսված եմ զգում: Ոչ վարչապետի, ոչ փոխվարչապետների հետ չեմ շփվում, ոչ ոք չի ասում ինձ՝ այս պետք է անես, այն պետք է անես: Այսինքն՝ այդ դաբրոների կարգավորման ժամանակը, կարծում եմ, խորը անցյալում է»,- նշեց Հակոբյանը։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը համոզմունք հայտնեց, որ այս մրցույթը կանցկացվի լուրջ մրցակցության պայմաններում, կընտրվի այն անձը, ում ծրագիրը կլինի լավագույնը:
«Չնայած այստեղ էլ ասեմ՝ շատ թեկնածուների հրապարակային ելույթները նայում եմ ու ինձ թվում է՝ շատերը չեն հասկանում, թե ուր են գնում աշխատելու»,- ավելացրեց Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Շատ ողբալի վիճակ է մարզային հեռուստաընկերություններում. Տիգրան Հակոբյան
- ՀՌՀ. Անհրաժեշտ են «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում արմատական փոփոխություններ
- Տիգրան Հակոբյանն ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ