Փոխքաղաքապետ. Ավտոբուսների վարորդները կարող են դիմում գրել ու դուրս գալ աշխատանքից
Երևան ավտոբուս ՓԲԸ-ում փոփոխություններ են սկսել, որոնց նպատակը շահութաբերություն ապահովելն է։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը՝ անդրադառնալով այսօր հասարակական տրանսպորտի վարորդների հայտարարած գործադուլին։
Նրա խոսքով, այս պահին քննարկվում են բոլոր հնարավոր միջացառումները, որոնք պետք է իրականացվեն քաղաքացիների պատշաճ սպասարկման համար, քանի դեռ չի ներդրվել տրանսպորտային նոր ցանցը։
«Այո, մենք չենք հերքում, որ Երևան քաղաքում երթուղային ցանցը լավ չի աշխատում։ Ջայլամի քաղաքականություն չենք իրականացնում, մենք ասում ենք, տրանսպորտը լավ չի աշխատում ու այդ ուղղությամբ կատարում ենք որոշ աշխատանքներ»,-ասաց Հ. Սարգսյանը։
Մարությանի տեղակալը հայտարարեց, եթե վարորդներին դուր չեն գալիս իրականացվող փոփոխությունները, աշխատանքի կանոնակարգումը, կարող են դիմում գրել, ազատվել աշխատանքից։
«Եթե համաձայն չեն այդ պայմաններին, ապա կարող են դուրս գալ աշխատանքից։ Բայց փաստ է, որ ամեն ինչ պետք է կանոնակարգվի»,-ասաց նա։
Քաղաքապետի տեղակալը շեշտեց, իր համար զարմանալի է, եթե վարորդները թաքցնելու բան չունեն, ինչո՞ւ չեն ցանկանում վերահսկվել։ Կարծում է՝ բողոքի ակցիան կազմակերպված է, թե ում կողմից, դժվարանում է ասել։
«Նման համակարգեր կան գրեթե բոլոր տեղերում, բանկերում, եվրոպական երկրներ կան, որոնց հասարակական տրանսպորտում էլ կան տեսախցիկներ։ Հիմա կան դիսպետչերներ, որոնք թղթի վրա գրում են՝ ավտոբուսը երբ եկավ, երբ գնաց, մենք տասը տարի առաջ դեռ կարող էինք ազատվել այս ամենից։ Հնարավորություն կլիներ, որ վարորդները վերահսկվեին, գոնկաներ իրար հետ չանեին»,-ասաց Հրաչյա Սարգսյանը։
Նա վստահեցնում է, ինքը հաճախ է օգտվում երթուղային տրանսպորտից, մետրոյից, անձամբ է տեսնում խնդիրները։
«Այսօր էլ եկել եմ երթուղային տաքսիով»,-ասաց փոխքաղաքապետը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին