Վարչապետի որոշումները չեն քննարկվում, պետք է կատարվեն. Արթուր Վանեցյանը՝ իր մոր ազատման մասին
«Որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում և պարզ գրված է, որ ազատվել է իր դիմումի համաձայն»,- այս մասին այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով իր մորը՝ Մարգարիտա Ազարյանին աշխատանքից ազատելու վարչապետի որոշմանը:
Արթուր Վանեցյանը նշեց, որ չի ցանկանում դա քննարկել, քանի որ վարչապետի որոշումներն առհասարակ չեն քննարկվում, այլ պետք է կատարվեն:
Դիտարկմանը, թե վարչապետի մամուլի խոսնակը հայտնել էր, որ պաշտոնանկության վերաբերյալ որոշումները՝ «վարչապետի հանձնարարականները ոչ պատշաճ կատարելն է եղել», Արթուր Վանեցյանը ասաց, որ չի ցանկանում դա մեկնաբանել:
«Այդ գործընթացը մի անձնավորեք: Իմ մայրը երկար տարիներ աշխատել է պետական համակարգում, դեռ այն ժամանակ, երբ ես դպրոցական էի, և շարունակել է աշխատել, երբ ես արդեն իսկ նշանակվել եմ ԱԱԾ տնօրեն: Իմ ու իմ մոր աշխատանքը, խնդրում եմ, իրար հետ մի կապեք: Այլևս այդ խոսակցությունները մեկնաբանելու ցանկություն չունեմ», -ասաց Արթուր Վանեցյանը: