Վարչապետի կոչ-հորդորին չեմ արձագանքելու դիմումով, ուզում եք սենսացիա, ասացի սենսացիան. Դավիթ Անանյան
«Ուրեմն դա՞ է ձեզ հետաքրքրում, ես ավելի լավ հարցեր էի սպասում ձեզանից»,- այսպես արձագանքեց լրագրողների հարցերին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, երբ հետաքրքրվեցին՝ արդյոք մաքսատան աշխատակից Հայկ Մարտիրոսյանը աշխատանքից ազատման դիմում ներկայացրե՞լ է, թե՞ ոչ:
Այնուհետև նա ներկայացրեց վարչապետի այցի մանրամասները՝ նշելով, որ ապրիլի 9-ին, առավոտյան 09։15-ից մինչև 13։00-ն վարչապետը եղել է ՊԵԿ-ում, այցելությունը սկսվել է Արարատյան մաքսատան ավտոմաքսատնից, հետո այցելել է ՊԵԿ-ի մի շարք կառույցներ, և այդ այցելության արդյունքներով վարչապետը հանրությանը հայտնել է իր տեսակետը։
«Ուրմեն Դուք կենտրոնացել եք մի փոքր էպիզոդի վրա, որը Ձեր կարծիքով, առերևույթ սենսացիա է»,- ասաց Դավիթ Անանյանը։
Լրագրողների դիտարկմանը, թե մարդկային ճակատագրի հարց է, ՊԵԿ նախագահն արձագանքեց. «Մարդկային ճակատագրի հարց չկա։ Այն, ինչ տեսավ վարչապետը ու իր դուրը չեկավ, և նա որոշակի մտքեր արտահայտեց, կոչ ու հորդորներ ասեց, և այդ կոչ-հորդորին մեր աշխատակիցը պատասխանել է դիմում գրելով, և ոչ միայն տվյալ աշխատակիցը, այլև ավտոմաքսատան պետ Հայկ Միրզոյանը ազատման դիմում է գրել: Դա այդ մարդկանց ընտրությունն է»:
Հարցին՝ այդտեղ ճնշում չի՞ տեսնում, Դավիթ Անանյանը վրդովվեց. «Եթե այլ հարցեր չունեք, ես հիմա կգնամ, ուրիշ հարցեր տվեք»:
Դիտարկմանը, թե վերադասները չեն պատժվում, ո՞վ է դրա պատասխանատուն, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Ամենամեծ պատասխանատուն ես եմ: ՊԵԿ նախագահն է պատասխանատվություն կրում այդ ամբողջի համար։ Եթե ուզում եք, կամ ակնկալում եք, որ ես դիմում գրեմ և հեռանամ, դա ինձ համար կլինի փախուստ այն ահռելի պարտականություններից, որոնք վերցրել եմ ինձ վրա, դա այդ պարտականություններից փախուստ կդիտարկվի: Եկեք պայմանավորվենք, որ ես դիմում չեմ գրելու: Ես վարչապետի կոչ-հորդորին չեմ արձագանքելու իմ դիմումով, եթե ուզում եք սենսացիա, ես ասացի այդ սենսացիան»։
Ինչ վերաբերում է ազատման դիմում գրած աշխատակիցներին, Դավիթ Անանյանն ասաց, որ նրանց որևէ մեկը որևէ բան չի ասել. «Ոչ ես, ոչ էլ վարչապետը իրավունք չունենք մարդուն ազատենք կամ չազատենք: Ես բավարարել եմ աշխատակցի դիմումը, իսկ մաքսատան ղեկավարի դիմումը գրվել է և ես բավարարելու եմ, ես հարգում եմ իր որոշումը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին