Սեֆիլյան. Այսպես երկար շարունակվել չի լինի
«Ապրիլի 24-ը երևի տարվա մեջ այն միակ օրն է, երբ բոլոր հայերով մեկտեղվում ենք՝ մտքով, հոգով։ Ամեն տարի այս օրն առնվազն քաղաքական խավի համար մտածելու առիթ պետք է լինի։ Գլխավոր խնդիրն այն է, թե ինչպես անել, որ չկրկնվի նոր ցեղասպանություն»,- Ծիծեռանակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրուցում ասաց «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիրներից Ժիրայր Սեֆիլյանը։
Նրա խոսքով, պետք է հստակ բարձրաձայնել, թե որն է եղել գլխավոր պատճառը, որ հայ ազգը ցեղասպանվեց։
«Իմ կարծիքով, գլխավոր պատճառն այն է եղել, որ մենք պետականությունից, ինքնիշխանությունից զուրկ ենք եղել։ Ուստի իմ համոզմամբ, գոնե այս գաղափարի շուրջ առաջիկայում լուրջ քաղաքական, մտածող ուժերը, մարդիկ պետք է համախմբվեն, մեր ուժերը պետք է մեկտեղենք օր առաջ ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն ստեղծելու գործում»,- նշեց Ժ. Սեֆիլյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանը պետք է պահանջատիրոջ դիրքերում լինի։
Նույն կուսակցությունից Վարուժան Ավետիսյանն ասաց, որ Հայաստանը ոչ թե սովետական Հայաստանի, այլ Հայաստանի առաջին հանրապետության ժառանգորդն է, ուստի պետք է մերժել ռուս-թուրքական պայմանագրերով ձևավորված տարածքային ճարտարապետությունը, բուն այդ պայմանագրերը։
«Թուրքիան նախ պետք է ընդունի այդ փաստերը, առերեսվի իր պատմության հետ, ճանաչի ցեղասպանությունը, մեր հայրենազրկումը և ըստ այդմ նոր պետք է բնական հարաբերություններ ձևավորվեն։ Անշուշտ, զուգահեռաբեր կառուցողական երկխոսություն պետք է լինի կողմերի միջև այս նպատակներին հասնելու համար, եթե մյուս կողմից կա ցանկություն։ Հակառակ պարագայում մենք ոչինչ չենք ավելացնի մեր անվտանգությանը, այլ ընդհակառակը՝ կպակասեցնենք։ Պետք է հարցը համալիր դիտվի»,- նշեց նա։
Խոսելով ներքաղաքական զարգացումների մասին, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք տեսնում եք փոփոխությունները, Ժ. Սեֆիլյանն ասաց. «Մենք առաջին օրվանից եղել ենք գործող իշխանության կողքին։ Այսօր էլ ենք, սակայն այսպես երկար շարունակվել չի լինի։ Խնդիրն այստեղ ուժերի փոխհարաբերության մեջ չի, խնդիրը երկիրն օր առաջ ճահճից դուրս բերելու մեջ է։ Մենք խիստ մտահոգ ենք ընթացքից, շատ դանդաղ է գնում պրոցեսը։ Կան դրական քայլեր, սակայն շատ դանդաղ են։ Դրականին զուգահեռ բացասականը շատ ավելի առաջ է անցել»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին