Հայրը հաղորդում է տվել՝ որդու գլխին շշով խփել է «Գվիդ»-ը
Հիվանդանոցից ապրիլի 12-ին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «Գլխի ձախ քունքային շրջանի պատռված վերք՝ հյուսվածքների անկանոն դեֆեկտով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Փամբակ գյուղի 28-ամյա մի բնակչի:
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած ոստիկաններին նրա հայրը հաղորդում է տվել, որ նույն օրը, Փամբակ գյուղում ծագած վիճաբանության ժամանակ, 51-ամյա Աբգար Ջ.-ն ձեռքով հարվածել է իր որդուն, իսկ նրա ընկերը գարեջրի շշով խփել է նրա գլխին:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ տուժածն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ապրիլի 12-ի կեսօրին Աբգար Ջ.-ն գնացել է Փամբակ գյուղի կենտրոնում գտնվող հրապարակ, որտեղ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ, խուլիգանական դրդումներով կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, ներկա գտնվողների հասցեին հայհոյանքներ հնչեցրել: Այնուհետև վրդովվելով երիտասարդի արարքից, բռունցքով մի քանի անգամ հարվածել է նրան, ծեծի ենթարկել: Միջադեպին միացել է նաև նրա ընկերը՝ «Գվիդ» մականունով 36-ամյա Արտակ Ս.-ն, որը ապակյա շշով հարվածել է երիտասարդի գլխին: Շիշը կոտրվել է, և «Գվիդը» կոտրված մասով կրկին հարվածել է նրա գլխին՝ պատճառելով վնասվածք:
Հարուցվել է քրեական գործ: Անցկացված բացատրական աշխատանքի շնորհիվ երկուսն էլ ներկայացել են Վարդենիսի քննչական բաժին, ներգրավվել որպես կասկածյալ և ստորագրությամբ բաց թողնվել: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան