Փաշինյանի հեգնանքը «Լուսավոր Հայաստան»-ին
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին:
Նախագծով առաջարկվում է գաղտնազերծել պաշտոնատար անձանց համար անհրաժեշտ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմատեխնիկական միջոցների, արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման ապահովման համար անհրաժեշտ ապրանքների ծառայությունների գնումները:
Ներկայացնելով նախագիծը՝ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ այս ինֆորմացիայի գաղտնազերծումը կվնասի այդ անձանց անվտանգությանը: Նա հիշեցրեց, որ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
«Կարծում ենք, որ այս տեղեկատվությունը պետք է շարունակի մնալ գաղտնի»,- ընդգծեց Արտակ Զեյնալյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հեգնանքով նշեց. «Այսինքն՝ առաջարկվում է պաշտոնատար անձանց գրաֆիկները նախապես ինտերնետում դնել, մարշրուտները գծել, գրել, թե ինչ զենքերով են զինված անվտանգության ծառայողները, քանի անվտանգության ծառայող է ուղեկցում, նրանցից ով է ամենալավը կամ ամենավատը կրակում՝ կից խորհրդատվությամբ, թե ո՞նց է ավելի հարմար տեռորիստական ակտ իրականացնել տվյալ պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ»:
Վարչապետի խոսքով՝ իրենք թափանցիկության ճանապարհով են գնում և եթե անհրաժեշտություն լինի, նման նախաձեռնություն կիրականացնեն:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ ԼՀԿ-ի առաջարկության այդ հատվածը կարդացել են կոմիտեի նիստին, սակայն նրանք, ըստ փոխավարչապետի, կամ խորքային չէին պատկերացնում խնդրի էությունը, կամ միգուցե հետագայում իրենց առաջարկը կվերաձևակերպեն:
«Այդ հատվածը հնչեցրել ենք և մեր գործընկերները համաձայնել են, որ այստեղ խնդիր կա»,- ընդգծեց փոխվարչապետը:
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ իրենք այս ոլորտում թաքուն ոչինչ չեն անում. «Մենք նույնիսկ վերջերս անվտանգության հետ կապված բաց որոշումներ ենք կայացրել, որոշ կարգավորումներ ենք արել, բայց կա մի կետ, որից ավելի բացել այդ որոշումներն ուղղակի տրամաբանական չէ: Երբ ասում ենք՝ հանրության համար բացենք, դա բացվում է ոչ միայն հանրության համար, դա բացվում է բոլոր պոտենցիալ հետաքրքրություն ունեցողների համար՝ Հայաստանում և Հայաստանից դուրս»:
Այսպիսով, Արտակ Զեյնալյանն առաջարկեց ձեռնպահ մնալ այսպիսի փոփոխություններ կատարելուց:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին