Ինչու՞ չեք կատարում Նիկոլ Փաշինյանի խոստումը. Էդմոն Մարուքյան
«Հիշեցի հեղափոխության առաջնորդի մայիսյան թեզիսները, որ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ, հիմա այս դահլիճում ձեր կողմից դավաճանվում են մայիսյան թեզիսները։ «Լուսավոր Հայաստանը» միայն ուժայինների վրա չի շեշտադրում կատարում։ Մենք գտնում ենք, որ երկիրը գյուղնախարարություն պետք է ունենա, որը ՀՆԱ 16 տոկոսն է գեներացնում, մշակույթի մասին էլ արդեն ելույթ ունեցան, էլ չեմ ուզում անդրադառնամ»,- «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նախագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Մարուքյանի խոսքով՝ ինքը տպավորություն է ստացել, որ իշխող ուժի պատգամավորները մտավախություն ունեն, թե Սերժ Սարգսյանը, հնարավոր է դառնա ԱԱԾ պետ, հետո ԱԱԾ-ն վերամիավորի ոստիկանության հետ, հետո դառնա պաշտպանության նախարար, հետո վարչապետ, հետո նախագահ, հետո վարչապետ։
«Ինչի՞ մասին են այս քննարկումները, ախր այդ վտանգները հիմա ձեզ է սպառնում, Սերժ Սարգսյանն անվերադարձ գնացել է, դա ինչ ասելու բան է։ Ինչու՞ չեք կատարում Նիկոլ Փաշինյանի խոստումը, ասել է՝ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ»,- ասաց նա։
Նա անդրադարձավ նաև Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելուն. «Հենց գործ հարուցեցին, ձեր մի հատվածը՝ թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական, թե մեր քաղհասարակության, սկսեց պնդել՝ գործը ԱԱԾ-ի քննչական մարմնից վերցրեք այդ գործը՝ տվեք ՀՔԾ-ին։ Բա որ մենք ասում էինք՝ ԱԱԾ-ն քննչական չպետք է ունենա, պետք է միանա քննչական ընդհանուր մարմին, ինչի՞ ոչ մեկը բան չէր անում, թե սպասում էիք, որ ձեր հորեղբոր տղու վրա գործ հարուցեն, նոր հիշեք, որ տենց բան կա, վարչապետը ոնց էր ասել, ախպերությունը տեղ չունի, բա էս ի՞նչ ախպերություն է»։
Պատգամավորը հավելեց, որ կառավարության այս կառուցվածքը վատ հետևանքներ է ունենալու։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանն այնքան սիրեց սուպերվարչապետական համակարգը, որ առավոտից երեկո լծվել էր դրա արդարացմանը. Սամսոնյան
- ԱԺ-ն ընդունեց Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը
- «Լուսավոր Հայաստանի»՝ կառավարության կառուցվածքի տարբերակը