11 անձի մեղադրանք է առաջադրվել՝ 2018-ի ապրիլին տեղի ունեցած անկարգությունների համար
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է 2018թ.ապրիլի 16-ին Երևան քաղաքի Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկում, ապրիլի 23-ին Նորագավիթ թաղամասում տեղի ունեցած միջադեպերի, ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների, ինչպես նաև՝ Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ արձանագրված խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի՝ 11 մեղադրյալի մասով նախաքննությունը։
Քկ-ից հայտնում են, որ ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպերի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց մի մասի շրջանակը: Տուժող է ճանաչվել 16 անձ և Հայանիստ համայնքը, 11 անձի մեղադրանք է առաջադրվել։
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2018թ. ապրիլի 16-ին` ժամը 10:10-ի սահմաններում, Մասիսի քաղաքապետի եղբայր Գ.Համբարձումյանը, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, մի խումբ այլ անձանց հետ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ, Երևան քաղաքի Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկում խուլիգանական մղումներով հայհոյանքներ է հնչեցրել նշված փողոցների խաչմերուկը փակած ցուցարարների հասցեին, բռնություն գործադրել բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Համբարձումյանը մասնակցություն է ունեցել նաև Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ապրիլի 22-ին արձանագրված միջադեպին ևս։
Մանրամասները՝ ՔԿ-ի պաշտոնական կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին