Առաջիկայում հանրային քննարկման կներկայացվի դատական բարեփոխումների փաթեթը. Աննա Վարդապետյան
Կառավարությունն աշխատում է ոչ միայն վեթինգի, այլև դատական բարեփոխումների ուղղությամբ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը:
Նրա խոսքով՝ սեղմ ժամկետներում պատրաստ կլինի փաստաթուղթ կամ փաստաթղթերի փաթեթ, որոնք կդրվեն հանրային քննարկման: Ըստ փոխնախարարի՝ աշխատանքներում ներգրավված են տարբեր գերատեսչություններ, որոնք կապ ունեն դատաիրավական ոլորտի հետ:
Աննա Վարդապետյանը ասաց նաև, որ անցումային արդարադատության և վեթինգի հետ կապված առանձին դեկլարատիվ օրենքների ընդունումն արդյունավետ չեն. «Անցումային արդարադատության մասին առանձին օրենք չի կարող լինել, պետք է լինի համակարգային փոփոխությունների փաթեթ: Անցումային արդարադատությունը գործիքակազմ է, և ոչ թե գործընթաց, նույնը վերաբերում է վեթինգին»:
Հարցին, թե այս գործընթացների արդյունքում հնարավո՞ր է Սահմանադրական փոփոխություններ լինեն, փոխնախարարը նշեց, որ եթե երկարաժամկետ գործողություների ծրագրում Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն լինի, գուցե նաև սահմանադրական փոփոխություններ լինեն:
Ինչ վերաբերում է վեթինգի գործընթացին, ապա, ըստ փոխնախարարի, դա բացառապես գործող Սահմանադրության և միջազգային պարտավորությունների շրջանակում է լինելու, որևէ այլ արտագործընթաց չի լինելու:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է, որ ինքը լինի արդարադատության հաջորդ նախարարը, ինչին ի պատասխան Աննա Վարդապետյանը նշեց, որ այս պահին նման առաջարկ չի ստացել։
Դիտարկմանը, թե Արտակ Զեյնալյանի դիրքորոշումը անցումային արդարադատության մասով արդյոք հակասում էր Կառավարության դիրքորոշմանը, և աշխատանքից ազատվելու պատճառը որոշ հարցերում անհամաձայնությունն էր, փոխնախարարը պատասխանեց. «Հակասումներ չեն եղել, կառավարության, նաև մեր դիրքորոշումը եղել է միասնական: Մոտեցումների տարբերություններ չկային, ներքին խնդիրներ ևս չկային»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին