Ինձ վիրավորել են ու ծանուցագիր են ուղարկել. Ծառուկյան
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը վիրավորական է համարում այն, որ Աբովյանում 46 -ամյա բնակչին պատկանող բնակարանի դռան ու «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան հրկիզելու դեպքով իրեն հարցաքննության հրավիրելու ծանուցագիր է ուղարկվել:
«Սխալը դա է, որ ինձ վիրավորել են ու ծանուցագիր են ուղարկել։ Ում պետք է, թող ուղարկեն, իրենց պարտականությունը կատարեն և գործը բացահայտեն: Մենք ասել ենք մեր կարծիքը՝ եթե դա չբացահայտվեց, ուրեմն մեր կարծիքը հաստատվում է, որ դա սարքած շինծու գործ է»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը:
Հարցին՝ եթե չներկայանա հարցաքննության, ըստ օրենքի, կարող են նրան բերման ենթարկելու որոշում կայացնել, ԲՀԿ նախագահը պատասխանեց. «Ես իմ իրավունքները լավ գիտեմ, մարդիկ թող մասնագիտորեն իրենց գործով զբաղվեն և բարի լինեն գործը բացահայտեն: Դա Քենեդու սպանությունը չէր, ամբողջ քաղաքում կան կամերաներ, ես ասել եմ, եթե գործը չբացահայտվեց, ուրեմն իրավապահ մարմիններն իրենց տեղում չեն»։
Անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի այն խոսքերին, թե «Աբովյանը չենք ուզում գործ տվողների քաղաք դարձնենք», Գագիկ Ծառուկյանն ասաց, որ պատգամավորի խոսքը եղել է ոչ թե գործ տալու, այլ անհիմն հայտարարություններ անելու, բողոք գրելու մասին:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաև Աբովյանում տեղի ունեցած ընտրություններից հետո Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի այն հայտարարությանը, թե ԲՀԿ-ի թեկնածուի հաղթանակը Աբովյանի արժանապատիվ քաղաքացու պարտությունն է:
«Եթե որևիցե մեկը ժողովրդին կարող է ասել անարժանապատիվ, ուրեմն ինքն է անարժանապատիվ, և իրավունք չունի որևիցե մի քաղաքացու վիրավորելու: Աբովյանցիները կատարել են իրենց պարտքն ՝անկախ նրանից Գրիգորին են տվել, Վահագին են տվել, Մանուկին են տվել, Սասունին են տվել, մարդը կատարել է իր պարտականությունը և նորից եմ ասում՝ արժանապատիվ աբովյանցիների ցավը տանեմ»,- ընդգծեց Գագիկ Ծառուկյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ