«Նախագիծը վկայում է ընդգրկուն և համակողմանի բարեփոխումներ իրականացնելու թերացումների մասին»
Կառավարության հակակառուպցիոն ծրագրի նախագծով նախատեսում է Հատուկ քննչական ծառայության խոշտանգումների քննության գործառույթը փոխանցել Քննչական կոմիտեին։
Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ դեմ է այդ նախագծին։
«Նման գործառույթը փոխանցելով Քննչական կոմիտեին՝ մենք լուրջ խնդիր ենք ունենալու խոշտանգումների վերաբերյալ քննվող գործերով։ Այսօր էլ իրավիճակը գոհացուցիչ չէ, մատերի վրա կարելի է հաշվել խոշտանգման վերաբերյալ հարուցված գործերը»,- ասաց նա։
Ռ. Ռևազյանի խոսքով, գնում են ոչ թե խնդիրը լուծելու ճանապարհով, այլ խնդիրը քողարկելու. «Հայաստանում խոշտանգում չկա հա՞, ամեն ինչը նորմա՞լ է, որ գործեր չեն հարուցում»։
Նա ասաց, որ անպատժելիությունը և պատասխանատվություն չկրելը բերելու է երևույթի շարունակական լինելուն, իսկ այսօր գործը տալով Քննչական կոմիտեին, ավելի պարարատ հող է ստեղծվում այդ պատասխանատվությունից խուսափելու համար։
«Այնինչ պետք է արվի հակառակը՝ հասկանալու, թե ինչու դեռևս չունենք հաղորդումներին համարժեք բացահայտված գործեր, ուղղությունը տանենք այդ պատճառները վերացնելու ճանապարհով, որպեսզի մենք հասկանանք, որ ունենք պաշտպանված հասարակություն, անձը չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային վերաբերմունքի ու դրա համար ոստիկանը կամ այլ պետական պաշտոնյան մնան անպատիժ։ Ուզում եք խնդիրը լուծել, պետք է ճիշտ ճանապարհով գնալ»,- ասաց Ռ. Ռևազյանը։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Հայկուհի Հարությունյանն ասաց, որ ներկայացված նախագիծն ավելի քան մեկ տարվա ընթացքում հետահեղափոխական իշխանությունների կողմից բարեփոխումների վերաբերյալ պատկերացումների ներդաշնակայնության բացակայության, ինչպես նաև ընդգրկուն և համակողմանի բարեփոխումներ իրականացնելու թերացումների մասին է վկայում։
Ռ. Ռևազյանի խոսքով, վատ է, որ հանրային քննարկումներ չեն անցկացվել, որի արդյունքում գուցե հասկանային ու հետ կանգնեին այդ մտքից, գնային այն ուղղությամբ, որ ավելի հզորացնեին կառույցը կամ մեխանիզմներ ներդնեին։