Դիտորդները կոչ են անում մարզպետներին ձեռնպահ մնալ ՏԻՄ-երի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու գայթակղությունից
Հունիսի 9-ին Հայաստանի 23 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց ընթացքում «Ականատես» դիտորդական առաքելության կողմից արձանագրվել են մի շարք մտահոգիչ խախտումներ։
Գրանցված խախտումները, համաձայն «Ականատեսի» հրապարակած տեղեկանքի, հիմնականում վերաբերել են նախընտրական քարոզչությանը և վարչական ռեսուրսների չարաշահմանը։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն, քարոզչության դիտարկման ընթացքում դիտորդներն արձանագրել են վարչական ռեսուրսի չարաշահման ռիսկեր պարունակող մի շարք այլ խնդիրներ, մասնավորապես՝ Աբովյան համայնքի թեկնածու Գրիգոր Գուլյանի օգտին ակտիվ քարոզչություն է իրականացրել ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, իսկ 2019 թ․ հունիսի 7-ին, այսինքն՝ նախընտրական քարոզչության վերջին օրը, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տարածել է հաղորդագրություն առ այն, որ Աբովյան համայնքում բացահայտել է պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք։ Հաղորդագրության տարածումը անմիջապես քվեարկության նախօրեին կարող է գնահատվել որպես իշխանության ղեկին գտնվող քաղաքական ուժի կողմից իր վերահսկողության տակ գտնվող իրավապահ ռեսուրսի չարաշահում՝ քվեարկության արդյունքների վրա ազդելու նպատակով:
Բացի սա, դիտորդներն արձանագրում են, որ Աբովյան համայնքի գործող ղեկավար և ընտրություններում՝ համայնքի ղեկավարի թեկնածու Վահագն Գևորգյանը քարոզչության նպատակով, այդ թվում՝ իր նախընտրական բուկլետում, օգտագործել է Աբովյան համայնքի պաշտոնական կայքը և ֆեյսբուքյան էջը։
Նաև, հարկ է նշել, որ խիստ խնդրահարույց է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության՝ ՏԻՄ ընտրություններին նախորդող լռության օրը «Մաքուր Հայաստան» նախաձեռնության շրջանակում համապետական շաբաթօրյակ կազմակերպելու որոշումը, որը օգտագործվել է քարոզչական նպատակներով։
Ամփոփելով 2019-ի հունիսի 9-ի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելության արդյունքները՝ «Ականատեսը» կոչ է անում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաև մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչներին՝ տեղական ինքնակառավարման ընտրությունների ընթացքում ձեռնպահ մնալ վարչական ռեսուրսի, այդ թվում՝ ուժային կառույցների, օգտագործումից և երաշխավորել հավասար մրցապայքար:
Դիտորդները կոչ են անում մարզպետներին ձեռնպահ մնալ ՏԻՄ-երի կամ ընտրական հանձնաժողովների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու գայթակղությունից, իսկ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ ընտրություններին նախորդող լռության օրերին չկազմակերպել շաբաթօրյակներ, ծառատունկեր կամ այլ համապետական միջոցառումներ և չստեղծել ավելորդ լծակներ ու հնարավորություններ՝ քարոզչության կանոնները խախտելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Աբովյանում իշխանության թեկնածուն պարտվել է
- Աբովյանում ՔՊԿ թեկնածուի շտաբի պետի մեքենան հրկիզել են
- ԱԱԾ-ն Աբովյանում բացահայտել է կաշառք ստանալու, կեղծ փաստաթղթեր պատրաստելու, օգտագործելու դեպքեր
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները