Պուտինի նախկին խորհրդական. ՌԴ-ն Ադրբեջանում գլոբալ հետաքրքրություններ չունի, ինչը չես ասի Հայաստանի մասին
Լիբերալիզմի ենթադրյալ ճգնաժամի, դրա գաղափարների և իրական կյանքում դրանց իրականացման մասին քննարկումներն այսօր ընթանում են բազմաթիվ համաշխարհային հրատարակությունների էջերում: Այս թեմայի շուրջ ադրբեջանական կայքը զրուցել է Ռուսաստանի նախագահի նախկին խորհրդական Անդրեյ Իլարիոնովի հետ։
Իլարիոնովը շեշտել է, որ լիբերալիզմը՝ որպես գաղափարական միտում չի շրջանցել նաև Ռուսաստանը։ Լիբերալիզմի ճգնաժամի վերաբերյալ մամուլի հոդվածները, ըստ Իլարիոնովի, միայն տարակուսանք են առաջացնում։ Պուտինի նախկին խորհրդականը խոսում է Ռուսաստանում լիբերալիզմի դրսևորումների մասին, դրա վերելքի ու վայրէջքի մասին։ Չնայած այժմ աշխարհում մեծ է անկանխատեսելիությունը, սակայն լիբերալիզմի փլուզման մասին խոսել ևս չարժե, կարծում է Իլարիոնովը։
«Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, կարող եմ ասել, որ հանրապետությունը կայուն զարգանում է, և դուք հաջողակ եք, որ ձեր երկրում չկա Ռուսաստանի գլոբալ շահեր, ինչը չի կարելի ասել քրիստոնյա Հայաստանի և Վրաստանի մասին: Նույնիսկ եթե դուք որոշակի կտրուկ շրջադարձ կատարեք Արևմուտքի ուղղությամբ, ոչ ոք ձեզ հետ չի խոսի վիրավորված տոնով, որովհետև գաղափարական և կրոնական առումով դուք օտար եք: Իսկ ահա ուկրաինացիների, վրացիների, հայերի, բելառուսների ցանկացած մերձեցում Արևմուտքի հետ Ռուսաստանում համարվում է դավաճանություն, քանի որ Ռուսաստանում վստահ են, որ նրանք բոլորը պարտական են իրենց և պետք է գնան միայն իրենց հունով»,-ասել է Իլարիոնովը։