Հատուկ դպրոցի տնօրենի յուրացման գործն ուղարկվել է դատախազին
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ մեղադրանք է առաջադրվել ՊՈԱԿ-ի տնօրենին և ուսումնական աշխատանքի գծով տեղակալին:
Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի և վերջինիս տեղակալի կողմից կատարված չարաշահումների մի շարք հանգամանքներ:
Ըստ աղբյուրի, մասնավորապես՝ աշակերտներին հատկացվող սնունդը նախատեսված չափաբաժիններից ավել տրամադրելու, ինչպես նաև մի խումբ աշխատակիցներին դպրոցի ճաշարանում սնվելու հնարավորություն ընձեռնելու պատրվակով կազմակերպության ուսումնական տարվա փաստացի կոմպլեկտավորման տվյալների վերաբերյալ ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացված պաշտոնեական գրություններում աշակերտների ընդհանուր քանակի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություն մտցնելով, այն է՝ դպրոցում գիշերող աշակերտների քանակը ներկայացնելով փաստացի գիշերող աշակերտների քանակից ավել, պետական բյուջեից ստացել է սննդի համար նախատեսված ավել ֆինանսավորում և ձեռք բերել համապատասխան սնունդ:
Քննության տվյալներով՝ դպրոցի տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալի օժանդակությամբ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ դպրոցի պահեստից դուրս գրվող սննդամթերքի ճաշացանկ-պահանջագրերում ավել են հաշվառվել փաստացի դպրոցում չգիշերող թվով 27 աշակերտ՝ այդ կերպ պաշտոնեական կեղծիք կատարելով, հիշյալ աշակերտների անվամբ դպրոցի պահեստից ելքագրելով և վատնման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով՝ 5.425.049 ՀՀ դրամ արժողությամբ սնունդ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ կետերով (2 դրվագ), իսկ տեղակալին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին