Ռոբերտ Քոչարյանի անունից ցավակցական հեռագիր է հղվել Ժակ Շիրակի ընտանիքին
Այսօր Ռոբերտ Քոչարյանի անունից ցավակցական հեռագիր է հղվել Ֆրանսիայի Հանրապետության նախկին նախագահ Ժակ Շիրակի ընտանիքին ու հարազատներին։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակից, հեռագրում ասված է.
«Սիրելի բարեկամներ,
Ընդունեք, խնդրեմ, իմ անկեղծ ցավակցությունները Ֆրանսիայի նշանավոր պետական գործիչ, նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ։
Անուրանալի է պարոն Շիրակի դերը հայ-ֆրանսիական բարեկամության խորացման, Կովկասի տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում։ Նախագահ Շիրակը հավերժ կմնա մեր հուշերում որպես հայ ժողովրդի և Հայաստանի անկեղծ ու նվիրված բարեկամ։
Ամենաջերմ զգացմունքներով եմ հիշում մեր հանդիպումները Երևանում և Փարիզում, միջազգային հարթակներում։ Նախագահ Շիրակը լայնախոհ պետական գործիչ էր, հետաքրքիր և իմաստուն զրուցակից, վստահելի ու ազնիվ գործընկեր։
Ժակ Շիրակն ուրույն հետք է թողել պատմության մեջ։ Վստահ եմ, որ սերունդներն ըստ արժանավույն կգնահատեն նրա քաղաքական ժառանգությունը։
Սիրելի բարեկամներ,
ևս մեկ անգամ հայտնելով անկեղծ վշտակցությունս, ուժ և տոկունություն եմ մաղթում ձեզ այս ծանր օրերին։
Ռոբերտ Քոչարյան
27 սեպտեմբերի 2019թ.
ք. Երևան»։