Թանդիլյան. 3-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին փոխհատուցելու հարցը չի վտանգելու հիմնադրամի կայունությունը
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Պատգամավորն առաջարկում է պայմանագրային կամ պարտադիր զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակների միջոցառումներին ներգրավված սպայական կազմի զինծառայողի երրորդ խմբի հաշմանդամության դեպքում հատկացնել 35 մլն դրամ, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի կամ տարածքային պաշտպանությանը ներգրավված կամ կամավորագրված անձի երրորդ խմբի հաշմանդամության դեպքում` 25 մլն դրամ, և պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի երրորդ խմբի հաշմանդամության դեպքում`15 մլն դրամ:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ Թանդիլյանի ներկայացրած թվային տվյալները կքննարկեն թե կառավարության հետ, թե հանձնաժողովի աշխատանքային քննարկման ժամանակ։
Հարակից զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշեց, որ Թանդիլյանի ներկայացրած թվային տվյալները քննարկվել են նիստի փակ ընթացքի ժամանակ. «Արդյունավետ քննարկում եղավ, տիկին Թանդիլյանը ներկայացրեց լուրջ փաստեր, որոնք համարում ենք նոր երևան եկած հանգամանքներ, որոնք պետք է մանրամասն ուսումնասիրվեն, ներկայացվեն կառավարությանը, հարցի կարևորությունը հաշվի առնելով՝ այս նախագծի հետագա ճակատագիրը, առանց բազմակողմանի և լրիվ ուսումնասիրության, չենք կարող որոշել»:
«Մեր առաջարկը որևէ կերպ չի վտանգելու «1000 դրամների» հիմնադրամի կայունությունը և շարունակականությունը։ Այսօրվա փակ նիստի ժամանակ իմ թվային հիմնավորումը ներկայացրեցի ավելի մանրամասն, իսկ այս հարցի քվեարկությունը տեղի կունենա հանձնաժողովի հաջորդ նիստին։ Կարևորն այս օրինագծի անցնելն է։ Հույս ունեմ, որ այս թվերին ավելի մոտիկից ծանոթանալուց հետո կառավարության գործընկերները նույնպես կհամաձայնվեն հանձնաժողովի դրական մոտեցումների հետ»,- հավելեց Թանդիլյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին