Համայնքների նորմատիվ ակտերի նախագծերը՝ այսուհետ e-draft հարթակում
«Առաջարկում եմ, որ e-draft հարթակում հրապարակվեն և հանրային քննարկման արժանանան նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մշակված նորմատիվ ակտերի նախագծերը»,- այս մասին այսօր խորհրդարանում «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։
Նազարյանի խոսքով, գործընթացը տեխնիկապես հնարավոր է իրականացնել հետևյալ ձևով. «ՏԻՄ-երը իրենց հանացանցային պաշտանական կայքերում կհրապարակեն իրենց որոշումների նախագծերը, և դա ավտոմատ կարտացոլվի e-draft հարթակում։ Այսպես ՏԻՄ-երը կհետևեն հանրային առաջարկներին։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը առաջարկել է, որ ծրագիրը նախ իրականացվի 20 հազար և ավելի բնակիչ ունեցող համայնքներում։ Բացատրությունն այն է, որ քիչ բնակիչ ունեցող համայնքները դեռևս չունեն տեխնիկական կարողություն, որպեսզի այս գործողությունն անեն։ Վիճակագրական ծառայության տվյալներով, 20 հազար և ավելի բնակիչ ունեն ընդամենը 12 համայնքներ։
Նախագծում ներառում ենք դրույթ, որ 2 տարի հետո բոլոր համայնքների նորմատիվ ակտերի նախագծերը կհրապարակենք e-draft հարթակում»։
Նազարյանի խոսքով, առաջարկվում է նաև ընդլայնել համայնքների պաշտոնական համացանցային կայքերում ներբեռնվող տեղեկությունների տեսակները։
«Մասնավորապես առաջարկում ենք, որ կայքերում հրապարակվեն համայնքային կառույցների, կրթական, մշակութային կառույցների վերաբերյալ տեղեկություններ, համայնքապետարանի և դրա ենթակայությամբ գործող կառույցների կողմից մատուցվող ծառայությունների մասին տեղեկություններ, համայնքում պետական և համայնքային միջոցներով իրականացվող շինարարությունների մասին տեղեկություններ, համայնքային սեփականություն հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկություններ։ Հաջորդ փոփոխությամբ առաջարկում ենք ավագանու նիստի օրակարգի նախագիծը հրապարակել համայնքի ավագանու նստավայրում, ինչպես նաև համայնքի կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերում։ Գործող օրենքում կա սահմանափակում՝ ավագանու օրակարգի նախագիծը փակցվում է ավագանու նստավայրում, ինչպես նաև այն վայրերում, որտեղ բնակչությունը 2000-ից ավելի է։ Սրա հետևանքով խոշորացված համայնքների որոշ հատվածներում, որտեղ բնակչությունը 2000-ից պակաս է, ավագանու նիստի մասին ծանուցումներ չեն լինում։ Եվ վերջին փոփոխությամբ առաջարկում ենք, որ ավագանու հրապարակային նիստերը առցանց հրապարակվեն համայնքի պաշտոնական կայքում ոչ թե 10 հազար և ավելի բնակչություն ունեցող, այլ 3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներում»,- նշեց Լենա Նազարյանը։
Անդրադառնալով օրենքի նախագծին, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը նշեց, որ համայնքային պաշտոնական կայքի մշակումը գումար է պահանջում. «Ըստ նախագծի ո՞վ է ֆինանսավորելու համայնքներին, որովհետև մենք գիտենք՝ կան համայնքներ, որոնք մարդաշատ չեն և չունեն ֆինանսական այն աղբյուրները, որոնք պետք է ապահովեն այդ կայքերի բնականոն գործունեությունը»։
Պատասխանելով Արման Աբովյանի հարցին՝ Լենա Նազարյանը նշեց, որ համայնքներն արդեն իսկ ունեն պաշտոնական համացանցային կայքեր. «Օրենքով 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքները պատրավոր են ունենալ կայքեր։ Լրացուցիչ ֆինանսավորման կարիք չի լինելու»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին