Տիկին Զոհրաբյան, Ձեր ջղայն տոնը մեր նյարդային բջիջներին թեթև խուտուտ ա տալիս. Հայկ Կոնջորյան
«Տիկին Զոհրաբյան, Դուք նշում եք, որ 12 տարվա խորհրդարանականի փորձ ունեք, բայց Ձեր փորձառությունը չի՞ հուշում, որ պետք է պահեք ԱԺ կանոնակարգը»,- խորհրդարանում Նաիրա Զոհրաբյան-Ալեն Սիմոնյան բանավեճից հետո իր ելույթում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Կոնջորյանը։
Նրա խոսքով՝ ինքը շատ է ուզում Զոհրաբյանի ելույթների ժամանակ նրան տեղից արձագանքել, բայց չի անում. «Ես՝ անփորձս, փորձառուներիցդ ավելի լավ եմ պահում ԱԺ կանոնակարգը, ինչպես նաև՝ մեր խմբակցությունը»։
Անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի բորբոքված ելույթին՝ Հայկ Կոնջորյանն ասաց, որ իրենք չեն վախենում նրա այդ տոնից։
«Երբ ջղային տոնով ելույթներ եք ունենում, էդ Ձեր ջղայն տոնը մեր նյարդային բջիջներին թեթև խուտուտ ա տալիս, բայց ոչ ավելի: Կարող ա էս միկրոֆոնները շաքար ստանան, բայց մենք չենք ստանա, մենք չենք վախենում Ձեր ջղայն տոնից, տեղից ջղայն հոնքերով արտահայտություններից, մենք հանգիստ լսում ենք, իսկ հետո ամբիոնից հոդաբաշխ արտահայտում մեր մտքերը»,- նշեց պատգամավորը։
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ական պատգամավորի այն հայտարարությանը, թե եթե ԲՀԿ-ն չլիներ, խորհրդարանում իրավական ճանապարհով վարչապետ չէր ընտրվի, Հայկ Կոնջորյանն ասաց, որ ԲՀԿ-ն լավություն չի արել իրենց, այլ արել են այն, ինչ պահանջել է ժողովուրդը։
«Եւ եթե Դուք չանեիք, ապա հայտնի չէ, թե Դուք որտեղ կլինեիք։ Երբ ասում եք, որ պարոն Մարությանը կլիներ սերիալներում, ապա Դուք էլ նույն հաջողությամբ կլինեիք «Հայկական ժամանակում», եթե, իհարկե, այնտեղ Ձեզ ընդունեին որպես լրագրող: Եկեք չասենք՝ ով որտեղ կլիներ։ Ես միշտ աշխատում եմ բոլորի հետ ունենալ քաղաքակիրթ բանավեճ»,- նշեց Հայկ Կոնջորյանը։
Նրա ելույթի ժամանակ տեղից արձագանքեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, իմքայլական պատգամավորը դիմելով նրան՝ կոչ արեց, որ իրենց չհեգնեն, այլ քննադատեն և ճիշտ ճանապարհ ցույց տան. «Մենք պատրաստ ենք մեր սխալներն ընդունել, բայց մի հեգնեք մեզ»։
Նա նաև ասաց, որ չհիմնվեն իրենց երիտասարդ տարիքի վրա:
«Եկեք աշխատենք։ Դուք քննադատեք, խոհրդարանական բանավեճն էլ մեզ համար ընդունելի ֆորմատ է, մենք պատրաստ ենք ընդունել այն սխալները, որոնք գործել ենք, բայց չմտածեք, որ կարող եք մեր վրա ինքնահաստատվել, իսկ մենք էլ պետք է լռենք։ Գիտեք, որ քաղաքականությունը մարաթոն է և դրանում պետք է վազել երկար: Այն, որ դուք մեզ մեղադրում եք երիտասարդ լինելու մեջ, հիշեք՝ մենք ավելի երկար կարող ենք վազել, քան Դուք», - նշեց Հայկ Կոնջորյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին