Ոչ թե լավ չի, այլ՝ էդքան էլ վատ չի
«Բանկային 4 համաձայնագրերը անցել են սահմանադրական դատարանով և ստացել են հավաստիացում, որ օրենսդրական որևէ հակասություն չունեն»,- այս մասին այսօր խորհրդարանում նշեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հարցին։
Պատգամավորը հետաքրքրվել էր, թե արդյոք բանկային համաձայնագրերը օրենսդրական հակասություն չեն բերում։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ պետական բյուջեի դեֆիցիտը կանխատեսվել էր 180 միլիարդից ավելի, և եթե չլինեն վարկերը, և պետական կարիքները բավարարելու համար այդքան գումար պակասելու է. «Բայց այն դեպքում, երբ պետությունը տնտեսական աճի տեմպեր է արձանագրում, բյուջեն մեծանում է, հավելյալ մուտքեր են ապահովվում և կանխատեսվում, ո՞րն է պատճառը՝ ի սկզբանե բյուջեում դեֆիցիտ արձանագրելու»։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Արմեն Հայրապետյանը նշեց, որ հարկային եկամուտները 62 միլիարդով ավելացել են, բայց ամբողջ գումարը ծրագրվել է ծախսերով իրականացնել։ Հետևաբար, պետության ֆինանսական պահանջը, ըստ էության, մնացել է նույնը։
«Եվ մի կարևոր որոշում, որ կայացրել է ԱԺ-ը, վերաբերում էր մինչև 2017 թվականի ավելացված արժեքի գերավճարների վերադարձին, որը գնահատվում էր 56 մլրդ, ընթացքի մեջ է մտել։ Մենք բյուջեով նախկինում նման ռեսուրս չենք նախատեսել, հետևաբար խնայված ծախսերը ուղղվել են դրան»,- նշեց Արմեն Հայրապետյանը։
Ֆինանսների փոխնախարարի խոսքով, սեպտեմբեր ամսին կառավարությունը հաշվարկներ է կատարել, որպեսզի հասկանա՝ վարկ վերցնելու կարիք կա, թե ոչ։ Այնուամենայնիվ, պատկերն այնպիսին է եղել, որ որոշվել է արտաքին դոնորներից օգտվել։
Արձագանքելով հնչած պատասխանին, Տիգրան Ուրիխանյանը նշեց՝ լավ չի։
«Առաջ ընկնելով ասեմ՝ էդքան էլ վատ չի»,- պատասխանեց ֆինանսների փոխնախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան