Արմեն Մինասյան. Մեզ պետք է մի փոքր համբերել
«2018 թվականին առանձնապես մեծ բան տեղի չի ունեցել, ընդամենը փողոցի ճնշման արդյունքում տեղի է ունեցել իշխանության փոփոխություն»,-«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Հայաստանը 2020-ի նախաշեմին» քննարկմանն ասաց քաղաքագետ Արմեն Մինասյանը:
Նա նշեց, որ համաձայն չէ այն կարծիքին, որ պետական հեղաշրջում էր, որովհետև նոր իշխանությունը ձևավորվել է գործող խորհրդարանի կողմից ՀՀ-ում եղած սահմանադրական նորմերի շրջանակներում:
«Մյուս կողմից ճիշտ չէ, որ դա հեղափոխություն է, տարիուկես անցել է, և մենք որևէ հեղափոխական մոտեցման ականատես չենք եղել, ընդհակառակը՝ բոլոր արատավոր երևույթները, որոնք նախկինում կային, իներցիայի ուժով շարունակվում են, տեղ-տեղ շատ խորանում և տեսանելի դառնում պարզ պատճառով, որ նոր իշխանությունները չեն պատկերացնում, որ պրոբլեմների մեծ մասը օբյեկտիվորեն կան, դրանք հաղթահարելու փորձ չունեն»,- ասաց քաղաքագետը:
Արմեն Մինասյանի խոսքով, այդ զարգացումներից հետո գործ ունեին երեք հիմնական գործոնների հետ՝ հասարակության ակնկալիքներն էին, որոնք ժամանակի ընթացքում գնում են դեպի ճգնաժամ, հակաիշխանական ճամբարում ուժերի վերադասավորումն էր ու բյուրեղացման նախածիլերը:
«Այս բոլորին, պայմանական ասած «սևերին», միավորում է մի բան՝ նրանք դեմ են Նիկոլ Փաշինյանին և Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: Եթե մենք այս իրավիճակում ունենանք արտահերթ ընտրություններ, խորհրդարանի կազմը շատ չի տարբերվելու ներկայիս կազմից, քանի որ անկախ նրանից, թե ինչ արդյունք կունենանք, այդ բոլոր խմբերը ձևավորված են լինելու ինչ-որ բանին դեմ սկզբունքով: Մեզ պետք է մի փոքր համբերել, որպեսզի և իշխանության ճամբարում, և հատկապես հակաիշխանական ճամբարում տեղի ունեցող խմբավորումներն ավարտվեն ու գործ ունենանք բյուրեղացված, արդեն որոշակի շահերի խմբերի հետ, որոնք կունենան «հանունի» օրակարգ, ծրագրեր», - ասաց նա:
Ըստ նրա, ամենակարևոր գործոնը նոր իշխանության անկարողությունն է՝ կադրերի պակաս, կառավարման էֆեկտիվության ցածր մակարդակ, որոնք նախկին երկու գործոնների արագացմանը էական նպաստող հանգամանք են:
Ի՞նչ ունենք իրականում:
«Գործող իշխանությունը, բնականաբար, պետք է վերանայի կառավարման մոտեցումները և դադարի պայքարել անցյալի դեմ, փորձի հանդես գալ նոր օրակարգով: Առայժմ չի ստացվում: Կարծում եմ՝ սա օգուտ է հակաիշխանական ճամբարին, թե որքան կընթանա և արդյոք 2020 թվականին Նիկոլ Փաշինյանը կվերանայի այս մոտեցումը, դժվար է կանխատեսել: Երկրորդ կարևոր հանգամանքը կնշեի ֆորսմաժորը, դրա հավանականությունը շատ մեծ է մեր երկրի համար՝ սկսած արտաքին սպառնալիքներից վերջացրած որևէ բնական աղետով»,- ասաց Արմեն Մինասյանը:
Քաղաքագետը խոսելով երկխոսության բացակայության, պակասի մասին, նշեց, որ դրա կարիքը շատ կա, առանց դրա անհնար է իսկապես որոշել ուղենիշները:
«Այսօր հակաիշխանական ճամբարում, որը դեռ խնդիր ունի խմբավորումից հետո բյուրեղանալու, պետք է ձևակերպվի օրակարգ, որի հիմքում ընկած լինեն կոնկրետ ծրագրեր՝ միտված խնդիրների լուծմանը»,- ասաց նա:
Ա. Մինասյանը նշեց, որ թեև Հայաստանը շարունակում է առաջ ընթանալ, միակ խնդիրն այն է, որ հարևաններն ավելի արագ են առաջ գնում, և անհրաժեշտ է հասնել ու անցել հարևաններին:
«Առանց ֆունդամենտալ բարեփոխումների՝ մենք ի վիճակի չենք լինելու ժամանակակից աշխարհում լինել մրցունակ: Դրան կարող ենք հասնել երկխոսության միջոցով ճիշտ օրակարգ սահմանելով», - ասաց քաղաքագետ Արմեն Մինասյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Բեքարյան. Չգիտեմ՝ զանգն էլ ինչպես խփել, որ մի փոքր սթափվելու կարիք կա
- Կիրո Մանոյան. Ռազմավարություն չունենալը վտանգավոր է
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Մենք կանգնած ենք պատերազմի նախաշեմին
- Դավիթ Շահնազարյան. Չնայած այս իշխանություների ջանքերին՝ Արցախը երբեք չի հայտնվելու Ադրբեջանի կազմում
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց