Փոխնախարար. Քրեական պատասխանատվություն կսահմանվի ատելության խոսքի առավել վտանգավոր դրսևորման համար
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել հանրային քննարկում՝ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:
ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ «Խտրականության, ատելության խոսքի և ատելության հիմքով կատարվող հանցագործությունների մասին տարանջատ տվյալների հավաքագրման վերաբերյալ առաջարկությունների և ուղեցույցների նախագծերի ներկայացում» խորագրով ծրագրի քննարկումը կազմակերպվել էր Արդարադատության նախարարության, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի համատեղ ջանքերով:
Սրբուհի Գալյանի խոսքով՝ խնդիրը շատ նուրբ է, քանի-որ սերտորեն առնչվում է խոսքի ազատության և դրա սահմանների հետ:
«Այսօր մեր երկրում աննախադեպ իրողություն է արձանագրվում. ունենք խոսքի անսահմանափակ ազատություն, և երբեմն խոսքի ազատության այդ իրավունքի քողի տակ մենք հանդիպում ենք թաքնված կամ երբեմն նույնիսկ բացահայտ ատելության խոսքի դրսևորումների, ինչն անընդունելի է մեր պետությունում և պետք է համարժեք արձագանքի արժանանա»,-ըստ ԱՆ տարածած հաղորդագրության, նշել է Սրբուհի Գալյանը։
Նա տեղեկացրել, որ ներկայում Արդարադատության նախարարությունը մշակել է օրենքի համապատասխան նախագիծ, որը քրեական պատասխանատվություն է սահմանում ատելության խոսքի առավել վտանգավոր դրսևորման, այն է՝ անձի նկատմամբ նրա որևէ սոցիալական կամ անձնական բնույթի հանգամանքով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար:
Քննարկման ավարտին փոխնախարարը հույս է հայտնել, որ այս փորձագիտական քննարկումը մեծապես կնպաստի խտրականության, ատելության հիմքով հանցագործությունների և ատելության խոսքի դեմ պայքարի ոլորտում առկա խնդիրների վերհանմանը և կօգնի գտնել այն խնդիրների արդյունավետ լուծումը։
Ըստ աղբյուրի, ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան կարևորել է նման ձևաչափով քննարկումների կազմակերպումը և վստահություն հայտնել, որ շահագրգիռ կողմերի աջակցությամբ մշակված այս նախագիծը դրական արդյունք կգրանցի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց