Դա ցայտնոտի մեջ գտնվող քաղաքական ուժի ղեկավարի խոսք էր. Սիմոնյանը՝ Մարուքյանի հայտարարության մասին
«Աբսուրդ է»,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ սահմանադրական փոփոխությունները բոյկոտելու մասին հայտարարությանը, նշեց Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատասխանատու է իր ընտրողների առջև, և եթե դեմ է սահմանադրական փոփոխությունների համար անցկացվող հանրաքվեին, ապա պետք է մասնակցի «ոչ»-ի քարոզարշավին.
«Եթե իրենք ասում են, որ հակասահմանադրական է, և դեմ են «այո»-ին, սակայն ոչինչ չեն անում, ստացվում է, որ ուղղակի չեն կողմնորոշվել և չգիտեն՝ ինչով են զբաղված»։
Դիտարկմանը՝ Մարուքյանի հայտարարությունը նման է Նիկոլ Փաշինյանի՝ 2015 թվականին սահմանադրական փոփոխություններին չմասնակցելու հայտարարությանը, որտեղ Փաշինյանը նշում էր, որ կեղծ օրակարգ է, և իրենք չեն մասնակցում «ոչ»-ի քարոզարշավին, Ալեն Սիմոնյանն ասաց.
«Մենք այդ հայտարարության տակ դրած բացատրությունն ունեինք, բայց էստեղ բացատրություն չկա։ Ինքը հասկանում է, որ ՀՀ ժողովուրդը, ամենայն հավանականությամբ, գալու և այո է ասելու։ Եվ դրանից նա խուսափում է, միևնույն ժամանակ չի կարողանում թաքցնել անցյալը, որ կարող է գլխավորել նախագահի չստորագրելուն միտված քայլերը։ Դա ցայտնոտի մեջ գտնվող քաղաքական ուժի ղեկավարի խոսք էր, որը չի կարողանում կողմնորոշվել՝ ինչ է անում։ Մենք 2015 թվականին ասում էինք, որ դա կեղծ օրակարգ է և չէինք մտնում դրա մեջ, իսկ Մարուքյանն ասում է՝ քարոզարշավին մասնակցելով ուժ կտան մեզ»:
Մարուքյանի այն հայտարարությանը, թե Փաշինյանն ատելության մթնոլորտ է ստեղծել՝ նշելով, որ սահմանադրական փոփոխություններին այո ասողները կլինեն ազգի նվիրյալներ, իսկ ոչ ասողները՝ հակապետական ուժեր, Սիմոնյանը պատասխանեց, որ քաղաքական հայտարարությունը չպետք է որակել՝ որպես ատելության խոսք։
«Ես կարող եմ պարոն Մարուքյանի ամեն հարցազրույցում՝ սկսած այս վերջին հարցազրույցից, ատելության խոսք գտնել։ Իր խոսելու ձևը, սարկազմը, ծաղրը, ամեն ինչի մեջ կարոլի է գտնել։
Գոյություն ունի քաղաքական խոսք, ասվել է քաղաքական խոսք։ Մենք մի խնդիր ունենք Հայաստանում՝ քաղաքական գործիչները պետք է ազնիվ լինեն, ես այստեղ չեմ տեսնում ազնիվ գործելաոճ։ Չեմ ասում, որ ինքը ազնիվ չի, երբ օրենսդրական նախաձեռնություն է բերում, իրենց մղումների մեջ։ Ընկեր, ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, 700 հազար մարդ եթե գնաց, ասեց «այո», այդտեղ դու, քո իրավական հնարքները դառնում են առոչինչ»,- ասաց Սիմոնյանը։
Պատգամավորը վստահություն հայտնեց, որ «այո»-ի համար շատ մեծ թվով մարդիկ են քվեարկելու. «ՀՀ քաղաքացին կգնա տեղամաս, կծախսի 5 րոպե և «այո» կասի սահմանադրական փոփոխություններին։ Դրա համար մենք իշխանական ռեսուրս չենք օգտագործել, չենք օգտագործելու և էդ պրիզմայով մեզ նայելն անընդունելի եմ համարում»։
Հարցին՝ կլինի՞ արդյոք «ոչ»-ի ճամբար՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ վստահ է կլինի։
«Կարող է 50 հոգի հավաքվի և «ոչ»-ի ճամբար ձևավորի»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Քարոզարշավի ընթացքում ատելությունը և թշնամանքը այնպիսի մեծության կհասնեն, որ կարող է բախումներ լինել»
- Մարուքյան. «Ոչ»-ի ճակատ ձևավորել նշանակում է իշխանությանը շանս տալ շարունակել գեներացնել ատելություն
- ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ է հրավիրելու՝ որոշելու «այո»-ի ճամբարում է լինելու, թե «ոչ»-ի. Ծառուկյան
- 88 կողմ, 15 դեմ. Սահմանադրական փոփոխությունները կդրվեն հանրաքվեի
- Կոնկրետ ո՞ր դատավորի նկատմամբ ով և ինչպիսի ճնշում է գործադրել. Պետրոսյան