Ռուսական կողմում կա կուտակված 1000-ից ավել բեռնատար ավտոմեքենա. իրավիճակն ավտոճանապարհներին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին, ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Սյունիքի մարզի Իշխանասար-Գորիս, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց և Ճամբարակի լեռնանցքները:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Սևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ գյուղ տանող ավտոճանապարհը:
Գորիս-Սիսիան և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին առկա է բուք:
Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Շիրակի մարզերի ավտոճանապարհներին, ինչպես նաև Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սարավան-«Զանգեր» հատվածում, Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ, Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան, Չարենցավան, Վայոց ձորի մարզի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 1000-ից ավել բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։