Լարիսա Ալավերդյան. Մեզ իջեցնում են այն նկուղները, որտեղ երբևիցե չենք եղել
«Այն, ինչ արվում է իշխանության եկած խմբի կողմից, ես սկզբունքորեն չեմ անվանում քաղաքական ուժ, ավելի շատ նմանեցվում է քայքայիչ աղանդների գործունեությանը»,- «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
Նա նշեց, գերնպատակը հասարակությունն ամբողջովին բզկտելն է, սոցիալական համերաշխությունից ինչքան հեռու, այնքան լավ լինելն է:
«Մենք պետք է լինենք կանգուն, կարողանանք թույլ չտալ, որ երկրի զարգացումը գնա այն մոդելով, որը նշմարեց պատգամավոր Վահագն Հովակիմյանը»,- ասաց նա:
Լ. Ալավերդյանի խոսքով, իրեն անհանգստացնում է ընտրովի արդարադատությունը, հիմա ունեն ընտրովի Սահմանադրության օգտագործում:
«Խոսել եմ շատ ազնիվ մարդկանց հետ, որոնք ասել են, որ «այո» պետք է ասել հանրաքվեին, ասում են՝ մի՞թե չեք տեսնում, թե ինչ Սահմանադրություն է, արդյո՞ք կարելի է կեղծիքներով ընտրված Սահամանդրությունը համարել լեգիտիմ: Այդ դեպքում պետք է հստակ ասեմ՝ այս Ազգային ժողովը, այս կառավարությունը, այս վարչապետը լեգիտիմ չեն: Մենք կամ պետք է 2018 թվականի մայիսի 9-ին հայտարարեինք, որ սկսվում է ամբողջ Սահմանադրությունը վերանայելու գործունեությունը կամ եթե այդ Սահմանադրության համաձայն՝ արդեն ձևավորել ենք գործադիր և օրենսդիր մարմիններ, ապա պարզվում է, որ այդ Սահմանադրությունը ևս ենթարկվում է ընտրովի արդարադատությանը»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:
Նա նշեց, որ ստեղծվում է աննախադեպ նախադեպ, այսինքն՝ ցանկացած նոր իշխանություն իր այդ հիմնավորումներով կասի, որ չի կարող սահմանադրականությունը պահպանել, դրա համար այն պետք է փոփոխվի:
«Դա մեզ ոչ թե հետ է տանում, այլ տապալում է: Մեզ իջեցնում են այն նկուղները, որտեղ երբևիցե չենք եղել, ինչը վտանգում է մեր ամբողջ զարգացումը որպես քաղաքակիրթ ազգի: Այս վտանգը, բացի բոլոր ասպեկտներից, իր մեջ քաղաքակրթական վտանգ է պարունակում»,-ասաց նա:
Այնուհետև Լ.Ալավերդյանը հարցադրումներ արեց. «Իսկ միջազգային սկզբունքները մեզ համար գոյություն ունե՞ն: Նոր իշխանությունները, որոնք դուրս չեն եկել Եվրոպայի խորհրդից, ՄԱԿ-ից, ընդհանուր առմամբ, բանի տեղ դնո՞ւմ են միջազգային նորմերն ու սկզբունքները, որոնք վերաբերում են դատական իշխանությունների անկախությանը»:
«Մենք չենք ասելու «ոչ» կամ «այո», մենք շարունակելու ենք մեր 30 տարվա գործունեությունը՝ գիտակից ընտրող, գիտակից քաղաքացի կերտելու դաշտում»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:
Հարակից հրապարակումներ`
- Գրիգորի Մուրադյան. Բացառում եմ, որ Թովմասյանը, Գյուլումյանն ու Պետրոսյանը հրաժարական կտան
- Փաշինյանի իշխանությունը խնդիր է դրել բոլշևիկյան քաղաքականություն իրականացնելու. Թևանյան
- Երվանդ Վարոսյան. Սահմանադրության փոփոխություններով դրվում է մի ական, որը պայթելու է 12 տարի հետո
- Փորձում են լռեցնել այն լրատվամիջոցները, որոնք չեն գտնվում իրենց վերահսկողության ներքո. Ա. Թևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին