Զոհրաբ Մնացականյան․Հայաստանը սատարում է պաղեստինյան հիմնահարցի 2 պետության սկզբունքի հիման վրա կարգավորմանը
Հայաստանը սատարում է պաղեստինյան հիմնահարցի 2 պետության սկզբունքի հիման վրա կարգավորմանը և կողմերի միջև բանակցությունների վերսկսման ջանքերին։ Ընդունելով իր քաղաքացիների համար խաղաղ և անվտանգ պետություն ունենալու Իսրայելի իրավունքը՝ միաժամանակ աջակցում ենք Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործմամբ անկախ պետության ստեղծման ձգտմանը։ Այսօր այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ներկայացնելով Իսրայել-Պաղեստինի հարցով «դարի գործարքի» վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը։
«Հայաստանն առանձնահատուկ ուշադրությամբ հետևում է Երուսաղեմի կարգավիճակի շուրջ ընթացող զարգացումներին, ինչը պայմանավորված է սուրբ քաղաքում հայկական դարավոր ներկայությամբ, հայկական հարուստ պատմամշակութային ժառանգությամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ հայ առաքելական եկեղեցին սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկն է։ Հայաստանը դիտում է Արևելյան Երուսաղեմը, որպես 1967թ-ի գրաված տարածքների մի մաս և գտնում է, որ Երուսաղեմի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի շահագրգիռ կողմերի միջև բանակցությունների արդյունքում», - ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
Անդրադառնալով կորոնավիրուսի հետ կապված դեպի Իտալիա և Իտալիայից Հայաստան չվերթների կասեցմանը, ԱԳ նախարարը նշեց, որ սա մարտահրավեր է բոլոր երկրների համար և այստեղ համագործակցային միջոցներով պետք է գտնել ճանապարհները՝ վերահսկելու իրավիճակը, կանխարգելել ու հաղթահարել այս վարակը։
«Մենք սերտ աշխատել ենք և՛ Չինաստանի հետ, այս պահին նաև Իրանի հետ, որպեսզի ձևավորենք ավելի կոնկրետ քայլեր՝ այս վարակի հաղթահարմանը։ Իտալիան ևս չէր կարող վրիպել մեր ուշադրությունից, այստեղ նույնպես գնահատում ենք, թե ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել, որպեսզի պաշտպանված լինի մեր բնակչությունը և աշխատել միասին, որպեսզի թույլ չտալ համաճարակի տարածումը»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը, հավելելով, որ աշխատանքներ են տարվում՝ հասկանալով, որ ժամանակի կորուստ չի կարելի թույլ տալ։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին