Գերմանական սուպերմարկետները հայտնում են կորոնավիրուսի խուճապային գնումների մասին
Գերմանացիները դանդաղ գիտակցում են, որ նրանք, ինչպես աշխարհի 60-ից ավել երկրներն այսօր, շուտով կարող են բախվել կորոնավիրուսի համաճարակի: Իրոք, հարուցիչը դարձել է քննարկման հիմնական թեման երկրում այնքան, որ փաստորեն, որոշ բնակիչներ սնունդ են կուտակում՝ վախենալով, որ կարող են հայտնվել կարանտինի տակ: Այս մասին գրում է DW-ն։
Ուրբաթ օրը երկրի խոշոր սուպերմարկետներից մեկի`REWE-ի, խոսնակը DW-ին ասել է, որ շաբաթվա սկզբին որևէ խուճապ չկար, սակայն իրավիճակն արագ փոխվեց:
«Մենք նկատել ենք սննդամթերքի և պահածոյացված ապրանքների գնումների աճ ամբողջ երկրում, որին մենք համապատասխանաբար հարմարվում ենք», - ասել է Քրիստինա Շուտցը։
Lidl ցանցը ևս արձանագրել է գնումների աճ, ինչը հաստատել է խոսնակը։ Նշվում է, որ գերմանացիները գնում են պահածոյացված սնունդ, մակարոնեղեն, ինչպես նաև զուգարանի թուղթ և ախտահանիչ նյութեր:
Ի՞նչ են առաջարկում իշխանությունները
Չորս տարի առաջ Բոննում գործող Քաղաքացիական պաշտպանության և աղետների աջակցության դաշնային գրասենյակը (BBK) հրապարակել էր սննդամթերքի ցուցակ, որը խորհուրդ է տալիս գնել արտակարգ իրավիճակների համար:
Գրանսենյակը, որն ունի մոտ 300 քաղաքացիական ծառայող, կրթում է ընդհանուր բնակչությանը, թե ինչպես պատրաստվել ճգնաժամերին: Այն գերմանացիներին խորհուրդ է տալիս մոտ 10 օրվա սնունդի ու խմիչքների պաշար հավաքել: Մասնավորապես ասվում է, որ մեկ անձին շաբաթական անհրաժեշտ է 14 լիտր հեղուկ, և խորհուրդ է տալիս մասնավորապես գնել հանքային ջուր և մրգահյութեր՝ նախազգուշացնելով, որ պետք չէ, սակայն, խուճապային գնումներ իրականացնել ու գնել այնքան, որ ընտանիքը կկարողանա սպառել։
Նշենք, որ Գերմանիայում հաստատվել է նոր կորոնավիրուսի 129 դեպք, որից 16-ն արդեն առողջացել են։