ԱՄՆ-ը խաղաղության համաձայնագիր է ստորագրել «Թալիբանի» հետ
ԱՄՆ ներկայացուցիչներն ու աֆղանական «Թալիբան» շարժումը ստորագրել են պատմական համաձայնագիր: vedomosti.ru կայքը, հղում անելով Ռոյթերսին, գրում է, որ դրանով պետք է մեկնարկի զինված հակամարտության կարգավորումը, որն Աֆղանստանում շարունակվում է արդեն 20 տարի:
Համաձայնագիրը ստորագրվել է Քաթարի մայրաքաղաքում 30 երկրի դիտորդների ներկայությամբ: Միջոցառմանը ներկա է եղել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Փաստաթղթի համաձայն, ԱՄՆ-ը և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության մեջ գտնվող նրա գործընկերներն իրենց զորքերը դուրս կբերեն Աֆղանստանի տարածքից: Նախ՝ Աֆղանստանում արտասահմանյան ռազմական զորախումբը կկրճատվի մինչև 8600 մարդ:
Զորքը դուրս բերելու ամբողջական գործընթացը պետք է ավարտվի 14 ամսվա ընթացքում, պայմանով, որ «Թալիբանը» կհետևի համաձայնագրին:
Աֆղանստանի հարցով խաղաղ բանակցությունները հնարավոր է սկսվեն մարտի 10-ից:
ԱՄՆ-ն ու «Թալիբանը» սկսել են խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները դեռ 2018-ին: Բայց բանակցային գործընթացը երկար ժամանակ փաստացի անարդյունավետ էր ընթանում: Նախորդ տարվա սեպտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն հայտարարել էր, որ խմբավորման հետ բանակցությունները «մեռած են»: