Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում Թուրքիան երբեք չի կարող անկողմնակալ լինել. Բագրատ Էստուկյան
Tert.am-ը Թուրքիայում հրապարակվող «Ակոս» շաբաթաթերթի հայերեն էջի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ զրուցել է Թուրքիայի արտգործնախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման մասին: Նրա խոսքով՝ դա վտանգավոր քայլ է, որովհետև Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում Թուրքիան երբեք չի կարող անկողմնակալ լինել:
«Քանի որ տարակարծությունը երկու կողմերի մեջ է, մնացածը պետք է չեզոքություն դրսևորեն: Իսկ Թուրքիան, ինչպես գիտենք, ամբողջությամբ գործընթացում կողմ են, հետևաբար ոչ ոք մի նպաստ չի բերի նրա մասնակցությունն այդ գործընթացում, պետք է հեռու պահել Թուրքիային այդ գործընթացից»,- ասում է նա:
-Պարո՛ն Էստուկյան, ապրիլի 2-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Ադրբեջանը մշտապես ցանկացել է Թուրքիային տեսնել հակամարտության կարգավորմամբ զբաղվող ձևաչափում, ինչին ընդդիմացել է Հայաստանը: Այս քննարկումը կարո՞ղ է Ադրբեջանի ցանկության կատարմանն ուղղված քայլ լինել:
- Դա վտանգավոր քայլ է, որովհետև Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում Թուրքիան երբեք չի կարող անկողմնակալ լինել: Եվ քանի որ տարակարծությունը երկու կողմերի միջև է, մնացածը պետք է չեզոքություն դրսևորեն: Իսկ Թուրքիան, ինչպես գիտենք, ամբողջությամբ գործընթացում կողմ է, հետևաբար ոչ մի նպաստ չի բերի Թուրքիայի մասնակցությունն այդ գործընթացին, պետք է հեռու պահել Թուրքիային ԼՂ հիմնախնդրի կարգավորումից:
-Այսօր Թուրքիան առավել շատ զբաղված է Սիրիական հիմնախնդրով Իդլիբով: Ինչո՞ւ հանկարծ հիշեց Ղարաբաղյան հիմնախնդիրը:
- Թուրքիան, վերջին շրջանում միջազգային ասպարեզում անընդհատ խնդիրներ առաջացնելով, ակնկալում է իր համար օգուտներ քաղել: Տպավորություն է նաև, որ Թուրքիայի իշխանությունները կարծում են՝ որքան շատ խնդիրներ ունենան դրսում, ներսում իրենց իշխանությունն ավելի հեշտ կկարողանան պահել: Թուրքիան թե՛ Միջերկրական ծովի արևելյան հատվածում խնդիրներ ունի, թե՛ Լիբիայում: Իսկ Սիրիայի մասին խոսելու կարիք էլ չկա: Հիմա, կարծես, այդքանը բավարար չէ, ցանկանում է միջամտել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Արևմտյան երկրները մշտապես ընթացք են տալիս Թուրքիայի այսպիսի արկածախնդություններին: Սիրիայի հարցում էլ շատ աջակցեցին: Մշտապես նկատելի է Արևմուտքի՝ Թուրքիային ուղղված աջակցությունը: Հետևաբար՝ ես չեմ զարմանում, որ նման բան է եղել:
-Դուք ենթադրո՞ւմ եք, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ներգրավվելու հարցում Թուրքիան աջակցություն կարող է ստանալ:
- Ես դա չեմ բացառում: Նա այս առումով մի քանի հիմքեր ունի: Օրինակ՝ միջազգային հանրությունը մի քանի անգամ հայտարարել է Ադրբեջանի տարածքային ամբողջության մասին, առանց նկատի առնելու Ղարաբաղի ինքնավար մարզ լինելու կարգավիճակը: Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի եղել, պարզապես ինքնավար մարզ է եղել, ինչպես Հարավային Օսիան Վրաստանում: Հետևաբար` Ղարաբաղն էլ իր անկախության համար պետք է բծախնդիր, պահանջատեր լինի, բայց արևմտյան երկրներն առավել շատ ոչ թե ժողովուրդների ինքնորոշման իրավունքն են գերադասում, այլ՝ պետությունների տարածքային ամբողջականությունը:
- Սիրիական հակամարտությունը սրել է ռուս-թուրքական հարաբերությունները: Ակնկալվում է, որ մարտի 5-ին ենթադրվող Պուտին-Էրդողան հանդիպումը կմեղմի իրադրությունը: Պետք է նկատել, որ այդ հանդիպմանն է նախորդել Թուրքիայի արտգործնախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Հնարավոր համարո՞ւմ եք, որ վերջին հանդիպման թեմայի քննարկումը տեղափոխվի նաև Պուտին-Էրդողան հանդիպում:
- Անշուշտ, հնարավոր է: Այնտեղ էլ կարող է հարցը քննարկվել, և այդ ժամանակ էլ Թուրքիան կարող է ակնկալիքներ ունենալ: Հետաքրքիր է Ռուսաստանի դիրքորոշումը իրավիճակներում. երբ սրվում են Թուրքիայի հետ իր հարաբերությունները, նրանք միշտ այնպես են անում, որ սակարկության առիթները շատանան: Ի վերջո, Ռուսաստանը Թուրքիայի հետ շատ կարևոր համաձայնագրեր ունի, ինչպիսիք են՝ ատոմակայանի կառուցումը, զենքի առքուվաճառքը և այլն: Այս պայմաններում իր համար շահավետ արդյունքներ գրանցելու համար Ռուսաստանը միշտ իր ձեռքում պահում է սակարկելու առիթները:
- Այսինքն՝ այս անգամ կարո՞ղ է սակարկության դրվի Ղարաբաղյան հիմնահարցը:
- Դա մշտապես մտահոգում է մեզ: Այդ վարկածը մշտապես կա, և Հայաստանն այստեղ, դժբախտաբար, լրիվ պաշտպանված չէ: Փոքր, ավելի թույլ տնտեսական հնարավորություններ ունենալով, դրսին մեծ շուկաներ խոստանալ չկարողանալու պատճառով՝ Հայաստանը մշտապես հայտնվում է խոցելի իրավիճակում:
- Չավուշօղլուի հայտարարությանը, ըստ որի՝ «ԵԱՀԿ Մինսկի խումբն այժմ պետք է ավելի արդյունավետ աշխատի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցով, արձագանքել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Ավետարանից մեջբերում անելով Ղուկաս առաքյալի՝ «Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ» խոսքերը: Համարժեք համարու՞մ եք հայկական կողմի արձագանքը թուրքական կողմին:
- Թուրքիայի ցանկացած քայլին պետք է կոշտ արձագանքել: Ամբողջ աշխարհը՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Եվրոպան, խուսափում են Թուրքիային կոշտ ու կոպիտ պատասխանելուց: Շատ պատշաճ չեն արձագանքները: Թուրքիան կոշտ է բոլորի նկատմամբ, օրինակ, Սիրիայի խնդրի մասին խոսելիս Էրդողանն ասում է՝ գլուխները պոկելու, թռցնելու ենք: Սրան ի պատասխան՝ քաղաքակիրթ լեզուն շատ ճիշտ չէ:
-Ձեր տպավորությամբ՝ Հայաստանն ինչպե՞ս պետք է արձագանքներ Թուրքիայի միջամտությանը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում:
- Պետք է հակադրվել: Պետք է հայտարարի, որ նման իրավիճակում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությանը կողմ չէ, ինչ ուզում են, թող անեն: Սա կարող է Հայաստանի կողմից սպառնալիք լինել: ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվել է հակամարտությունը լուծելու համար, բայց տեսնում ենք, որ այդ առումով առաջընթաց չի լինում: Տարիներ ի վեր զինադադարի խախտումներ են լինում, տարիներ ի վեր մենք՝ հայերս, զինվորներ ենք կորցնում: Վերջապես մեր ակնկալածը հաղթած պատերազմում համաձայնության գալն էր, բայց դա չի լինում: Իրավիճակը պետք է փոխվի: Իսկ Թուրքիայի ներգրավումը գործընթացում, այսօրվա իր կառավարությունով, ոչ մի նպաստ չի կարող բերել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին