«Ծնողական փառքի» մեդալով պարգևատրվածներին 40 հազար դրամ պատվովճար տալը նսեմացնող է
«ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը ներկայացրեց «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրվող անձանց ամենամսյա 40 հազար դրամ պատվովճար հատկացնելու կառավարության առաջարկը։
Փոխնախարարը տեղեկացրեց, որ այս պահին նման մեդալ ունի 9 ընտանիք։ «Նախկինում 5 ընտանիք է եղել։ 2019-ին ավելացել է ևս 4-ով, դրանցից մեկում կա 15 երեխա»,- հայտնեց փոխնախարարը։
Կառավարության ներկայացուցիչը նկատեց, որ հիմնականում «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրվում են մայրերը։
Սրան հետևեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի արձագանքը. «Համաձայնեք՝ 15 երեխայի հայր լինելն էլ պակաս հերոսություն չէ»։
Լուսինե Բադալյանը բարձրաձայնեց, որ հանձնաժողովում օրինագծի քննարկման ժամանակ պատգամավորները պնդել են, որ պատվովճարի չափը լինի 100 հազար դրամ, բայց կառավարությունը կրկին ԱԺ է ներկայացրել 40 հազար դրամի շեմը։
Միքայել Մելքումյանն իր ելույթում շեշտեց, որ ներկայացվող գումարը նսեմացնում է մեդալի բարոյական խրախուսման նշանակությունը և այս դեպքում նախընտրելի է կա՛մ լրիվ հանել պատվովճարը, կա՛մ բարձրացնել առնվազն 100 հազարի։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանն էլ նկատեց, որ օրենսդրությամբ չկա «բազմազավակ ընտանիք» եզրույթի սահմանումը, քանի որ «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքն ընդունված չէ։
«Ես պնդում եմ, պարոն Ուդումյան, փոխանցեք նաև նախարարություն, դուք ունեք 3 ամիս ժամանակ «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքը ԱԺ բերելու համար, այլապես այն կանենք մենք։ Ինչու եմ այս տոնով խոսում, որովհետև այս պատվովճարը միակ միջոցը չէ, որը խրախուսում է ծնելիությունը»,- հայտարարեց պատգամավորը։
Պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը կառավարության ներկայացուցչից ցանկացավ իմանալ, թե ինչ քայլեր են կատարվում ծնելությունը խթանելու համար։ Փոխնախարարը հիշատակեց մայրության և ծնված երեխաների նպաստների բարձրացման փաստերը և բնակարանային ապահովման հնարավորությունները։
Պատգամավորն արձագանքեց, որ ինքն ավելի շատ ինֆորմացիա ունի, քան փոխնախարարը և վերջինիս խնդրեց ավելի ինֆորմացված լինել։
Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անունից հարակից ելույթով հանդես եկած Սրբուհի Գրիգորյանը նշեց, որ այս փոփոխությամբ 9 ընտանիքի բյուջեից կհատկացվի 4 մլն 320 հազար դրամ, յուրաքանչյուր ընտանիքին՝ տարեկան 480 հազար դրամ։
Պատգամավորը տեղեկացրեց, որ երբ Արենի գյուղում խոսակցություն է գնացել մանկապարտեզ բացելու մասին, միանգամից արձանագրվել է ծնելիության աճ և հորդորեց նախակրթարաններ բացել բոլոր գյուղերում, հատկապես՝ սահմանամերձերում։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին