Կենդանին հարձակվում է մարդկանց վրա, ասում են՝ մարդկանց է պետք փոխել, կենդանին մեղք չունի. Սամսոնյան
«Թափառող շներին պետք է մեկուսացնել, փորձել նրանց միջից մարդկանց կողմից առաջացրած վախը հանել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։
Վերջինիս խոսքով, կենդանիներին մեկուսացնելու փոխարեն, կենդանիների որոշ պաշտպաններ սոցցանցերում ատելության քարոզ են անում, սկսում են անիծել և մեղադրել մարդկանց՝ կենդանիների նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքի համար։
«Մի շատ վտանգավոր վիճակ է, որ մարդիկ կենդանիների նկատմամբ օբյեկտիվորեն ատելություն են կուտակում, որովհետև իրենք պաշտպանված չեն, ՀՈԱԿ-ը չի աշխատում, իսկ «Դինգոն» փոխանակ ասի՝ կենդանիները մեղք են, էս վիճակով պահելը սխալ է, հարձակվում է մարդկանց վրա, որոնց ընտանիքի անդամներին կծել են շները։ Իմ վրա էլ են վերջին շրջանում հարձակվել շները։ Բայց ես ոչ միայն նրանցից չեմ վախենում, այլ նաև ունեմ շուն»,- ասաց Սամսոնյանը։
Նա նշեց, որ մարդիկ, ովքեր թափառող շներին սատկացնելու կոչեր են անում կամ կենդանիներին վնասում են, մեղավոր են, որ այսօր թափառող շների կողմից կա նման ագրեսիա. «Էդ մարդիկ ամբողջությամբ պատասխանատու են շների այսօրվա ագրեսիայի համար։ Այսօր արդյո՞ք պետք է հարձակվել մարդկանց վրա, ովքեր ասում են՝ եկեք լուծենք էս խնդիրը, կենդանիների և մարդկանց անվտանգության համար եկեք պայմաններ ստեղծենք։ Ի՞նչ է նշանակում՝ կենդանին հարձակվում է մարդկանց վրա, ասում են՝ մարդկանց է պետք փոխել, կենդանին մեղք չունի։ Գժանոց է»։
Հարցին՝ իսկ ինչպես վարվել, օրինակ, Դիլիջանի ազգային պարկի տնօրենի հետ, ով շանը կրակելով սպանել է, կամ երեխաների հետ, ովքեր բակի շան ձագերին քարերով սատկացրել են, կամ Աբովյանում շանը 4 ոտքից կրակած քաղաքացու հետ, Սամսոնյանը պատասխանեց՝ նկարագրված բոլոր դեպքերում մարդիկ իրենց անասունից վատ են պահել։
«Մարդը, ով կենդանու նկատմամբ նման դաժանություն է դրսևորում, մարդ կոչվելու իրավունք չունի։ Կենդանու ձագերին սատկացրած երեխայի ծնողներին պետք է վերցնել, տանել Ծաղկաձոր, այնտեղ բացել հոգեբանական կենտրոն, և ծնողներին բացատրել՝ ոնց է պետք դաստիարակել երեխաներին։ Այսինքն՝ որևէ մեկը չի ասում, որ այդ անասնական դրսևորումները նորմալ են, հակառակը՝ դա շատ վատ է։ Բայց ավելի վատ է մարդկանց ասել՝ մարդու պատճառով է շունը հարձակվում երեխեքի վրա։ Նաև չի կարելի էդ շան պատճառով բոլոր թափառող կենդանիներին համարել վատը։ Երբ երիտասարդ աղջիկը իմ էջում գրում է տականք, շնատյաց, դա չի լուծում խնդիրը, որ ես ասում եմ էդ կենդանիներին բուժեք»,- ասաց Սամսոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Շները սպառնում են երևանցիների անվտանգությանը
- Վանաձորում շները հարձակվել են պատգամավորի զարմիկի վրա
- Երևանում շունը հարձակվել է 17-ամյա աղջկա վրա