Խնդիրն արդեն լուծվել է.Փաշինյանը՝ սահմանին բեռնատարների կուտակումների մասին
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով հայ-վրացական սահմանին, մասնավորապես, Իրանից եկող բեռնատարների կուտակումների մասին հարցին, նշեց, որ խնդիրն արդեն լուծվել է :
«Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք, պայմանավորվել ենք հետևյալը՝ այն մեքենաները, որոնք տրանզիտ նշանակության են, ուղեկցվեն և, եթե ընդունող երկիրը առարկություն չունի, մեքենաները գնան հասնեն իրենց հասցեատերերին: Այսօր մենք արդեն ճշտեցինք, որ որևէ խնդիր չկա և բոլոր մեքենաները կշարժվեն և կհասնեն իրենց վերջնական հասցեին: Օրինակ, եթե ընդունող երկիրը Վրաստանն է կամ Թուրքիան և առարկություն չունեն, ապա բեռնատարները կգնան և կհասնեն տեղ»,-ասաց վարչապետը:
Հիշեցնենք, որ երեկ Panorama.am-ն անդրադարձել էր խնդրին։ Մասնավորապես, որ մի քանի տասնյակ ֆուրեր արդեն մի քանի օր է՝ մնացել են հայ-վրացական սահմանին։ Վրաստանը թույլ չի տալիս Իրանից ներկրված պտուղ-բանջարեղենով բեռնված հայկական մեքենաները, որոնց ղեկին հայ վարորդներ են, մուտք գործեն իր երկրի տարածք։