Կանխարգելիչ քննարկում ԱԻՆ-ում
Մարտի 13-ին ԱԻ նախարարությունում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ԱԻՆ հրդեհային անվտանգության հետաքննության վարչության և Փրկարար ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ կայացավ հանդիպում՝ քննարկելու հանրապետությունում առկա հրդեհավտանգ իրավիճակը, քննելու և պարզելու պատճառները և հանրագումարում՝ գտնելու իրավիճակից դուրս գալու ելքեր, մեխանիզմներ, որոնք անհրաժեշտ է կիրառել հետագայում նման խնդիրները բացառելու համար:Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
ԱԻՆ հրդեհային անվտանգության հետաքննության վարչության պետ Աշոտ Մկրտչյանը կլոր սեղանի մասնակիցներին տեղեկացրեց վերջին օրերին երկրի ողջ տարածքով սփռված հրդեհների աննախադեպ քանակի մասին, նշելով, որ դրանք հիմնականում պայմանավորված են մարդկային գործոնով. «Գարնանային գյուղատնտեսական աշխատանքների շրջանը սկսվել է և գյուղական բնակավայրերում բնակիչներն իրենց այգիները, խոտածածկ տարածքները մաքրելու նպատակով չոր խոտը կամ աղբը այրում են, ինչի հետևանքով այս անզգույշ քայլը անկառավարելի կրակի տարածումով, հատկապես անտառամերձ հատվածներում, առաջացնում է լուրջ խնդիրներ, պատճառում տարբեր նյութական վնասներ: Հարգելի քաղաքացինե°ր խոտանները, հնձած արտի մնացորդները դաշտում այրել չի թույլատրվում»: Որպեսզի մեր գյուղացիները ակամա չդառնան մեղավորներ և չպատժվեն օրենքի խստությամբ, Աշոտ Մկրտչյանն առաջարկեց համախմբված գալ ընդհանուր հայտարարի և իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ: Այս առումով, շատ կարևոր է յուրաքանչյուր շահագրգիռ պետական մարմնի սրտացավ և նպատակաուղղված գործունեությունը:
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը կարևորեց նման հանդիպումները, հատկապես, լուսաբանման տեսակետից: Դիմելով լրատվամիջոցներին՝ խնդրեց աջակցել տեղեկատվությունը տարածելու և բնակչությանն առավելագույնս իրազեկելու հարցում:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչ Միքայել Սանթրոսյանը նույնպես կարևորեց բոլոր շահագրգիռ գերատեսչությունների միասնական աշխատելու գաղափարը, նշելով, որ անտառային տարածքներում հրդեհների թիվը գնալով աճում է և ազգաբնակչությանը սթափեցնելու համար անհրաժեշտ է իրազեկման ավելի արդյունավետ մեթոդներ կիրառել:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ փ/ծ գնդապետ Արմեն Գևորգյանը խոսեց հրդեհների քանակի ավելացման մասին, նշելով, որ մարտի 11-ին ՃԿԱԿ-ում միաժամանակ 20 հրդեհի ահազանգ է ստացվել և հրշեջ փրկարարական խմբերը առանց վերադարձի մեկ դեպքի վայրից մյուս դեպքի վայրն են գնացել: Արմեն Գևորգյանը հավելեց, որ քաղաքացիների կողմից նետած մեկ ծխախոտն անգամ կարող է խոշոր հրդեհի պատճառ դառնալ նույնիսկ նետելուց երեք ժամ հետո: Գնդապետն առաջարկեց ջրային ռեսուրսներ ստեղծել բոլոր խոտածածկ և անտառային տարածքներում, կազմակերպել խոտի հնձումը:
Հանդիպման ավարտին Աշոտ Մկրտչյանի առաջարկով մասնակիցները պայմանավորվեցին ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք պետք է գործեն հանրապետության բոլոր տարածքներում:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ