Կենսաապահովման համար մեր քաղաքացիներին պետք է տրամադրվի նվազագույն բյուջե
«Այս իրավիճակում մեզ համար խիստ կարևոր է ազգաբնակչության առողջության պահպանումը. գոյատևումը այս շրջանակում դանռում է առաջին անհրաժեշտության գործողություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։
Վերջինիս խոսքով, եթե բնակչությանը սպառնում է վտանգ, ապա իշխանություններն առաջին հերթին պարտավոր են այդ վտանգը կանխարգելել և երաշխավորել մարդկանց գոյությունը մեր երկրում։
«Կառավարությունը և վարչապետը հրապարակել էին կորոնավիրուսի տնտեսական հետևանքի միջոցառումների ցանկ, իսկ մեր առաջարկությունն արվում է . որպեսզի կանխվի այն ոչ համաչափ գործունեությունը, որը կառավարությունը ուզում է ձեռնարկել։ Խոսքը մասնավորապես նրա մասին է, որ բանկերին լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ է տրամադրվում, և անունը դրվում է՝ իբր մարդկանց են օգնում, մինչդեռ լրիվ հակառակ պրոցեսն է լինելու։ Այդ գումարը պետք է տրամադրվի մարդկանց, այլ ոչ թե բանկերին կամ ֆինանսական միջնորդներին»,- ասաց Մինասյանը։
Ըստ ՀՅԴ ԳՄ անդամի, երկրորդ կարևոր խնդիրն այն է, որ սնունդը, դեղորայքը և վառելիքը առաջնային անհրաժեշտության միջոցներ են, և ռազմավարական նշանակության մեր պաշարների համալրման ուղղությամբ ամեն ջանք պետք է գործադրել։
«Մենք ակնկալում ենք, որ այդ պաշարների համալրման վեցամսյա ռեժիմ պետք է ապահովենք, որպեսզի վստահ լինենք մեր քաղաքացիների նվազագույն կենսապաշարները ապահովելու հարցում։ Մյուս կարևոր խնդիրն այն է, որ այս պահին շատ վարկառու ձեռնարկություններին ու քաղաքացիներին բանկերն ու վարկային կազմակերպությունները ամեն ձևով փորձում են օգնել՝ մասնակցելով գործընթացին, սակայն չկա միասնական մոտեցում, չկա հստակ պատկերացում՝ ի շատ վարկառուի։ Խոսքը այդ կազմակերպություններին անհամաչափ վնաս հասցնելու մասին չէ, այլ այն մասին, որ արտակարգ իրավիճակը պարտադրում է նաև արտակարգ միջոցառումներ, և վնաս կրելու են բոլոր կողմերը։
Կարևոր է, որ պետությունն իր ջանքերն առաջին հերթին ուղղի խոցելի հատվածին պաշտպանելուն։ Սա է պատճառը, որ մեր առաջարկությունների մեծ մասը վերաբերում է քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը։ Մեր քաղաքացիներին պետք է տրամադրվի կենսաապահովման համար նվազագույն բյուջե։ Դա հատկապես վերաբերում է աշխատող այն քաղաքացիներին, որոնք արտակարգ իրավիճակի պատճառով չեն կարողանում այցելել աշխատավայր»։
Մինասյանի խոսքով, պետության պարտավորությունն է երաշխավորել նվազագույն կենսաապահովման բյուջեի հասանելիք գումարի տրամադրումը քաղաքացիներին.
«Սա չպետք է թողնել միայն գործատուների վրա, պետությունը՝ իբրև սոցիալական պետության պատասխանատու, արտակարգ իրավիճակում պետք է շատ հստակ ցուցաբերի իր մոտեցումը»։
Ըստ Մինասյանի, սկզբունքային նշանակություն ունի պետական պարտքի հարցը. Հայաստանն ունի զգալի արտաքին պետական պարտք, և արտակարգ իրավիճակի պայմաններում իշխանությունները պետք է սկսեն նաև վարկատու կազմակերպությունների հետ բանակցություններ վարեն՝ այս շրջանում արտաքին պարտքի մարումը սառեցնելու համար։
«Սա ոչ միայն անհրաժեշտություն է, այլ նաև միջազգային ընդունված մոտեցում։ Այն կօգնի մեր արտարժութային պաշարները երկրում պահել և անհրաժեշտության դեպքում այլ կարևորագույն խնդիրների լուծման համար օգտագործել»,- ասաց Միանսյանը։
Նրա խոսքով, կրթության հարցը ևս պետք է լուծվի. պետք է միասնական հեռավար համակարգ մշակվի։
«Իշխանությունը պետք է ոչ միայն պարգևատրումները դադարեցնի, այլ նաև հանրային ծառայության մեջ ներգրավված անձանց բարձր վարձատրությունը ժամանակավորապես պետք է սառեցվի, որպեսզի այդ ռեսուրսները ծառայեն ազգաբնակչությանը, այլ ոչ թե մեկ կամ մի խումբ անձանց»,- նշեց Մինասյանը։
Վերջինս կարևորեց հանգամանքը, որ քաղաքացիները պետք է քաջ գիտակցեն՝ անհրաժեշտ է հնարավորինս հետու մնալ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ այցելելուց։
«Հրամանատարական կազմը պետք է ջանքեր գործադրի, որ զորքերը պահպանվեն զորանոցներում, քանի որ վարակի տարածումը կարող է կործանարար ազդեցություն ունենալ մեր անվտանգության վրա»,- եզրափակեց խոսքը Մինասյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց